Հայերեն   English   Русский  

35 տարվա իրավաբանն այսօր գործազուրկ է օրենքի փոփոխման պատճառով


  
դիտումներ: 1747

Իրավաբանության ոլորտում երեք տասնամյակից ավելի աշխատանքային փորձ ունեցող Վրեժ Վասիլյանը դիմել է Հանրային խորհուրդ՝ խնդրելով քայլեր ձեռնարկել, որպեսզի վերանայվի 2012 թ. հունվարի 19-ից ուժի մեջ մտած «Փաստաբանության մասին» նոր օրենքը, ըստ որի` դատական ներկայացուցչությունը կամ դրա կազմակերպումը՝ որպես պարբերաբար կամ վճարովի հիմունքներով ծառայություն, կարող է իրականացնել միայն փաստաբանը։

Դեռ ժամանակին շատ իրավաբաններ դեմ էին արտահայտվում օրենքի փոփոխությանը՝ հիմնավորելով, որ դրանով իրավապաշտպան գործունեությունը դառնում է փաստաբանների մենաշնորհը: Սակայն, օրենքի հեղինակները պատճառաբանում էին, որ այդ քայլով լուծվել է ոչ պրոֆեսիոնալ անձանց կողմից դատական ներկայացուցչություն իրականացնելու հարցը: Նրանք նշում էին` օրենքը չի արգելում, որ փաստաբանական կամ իրավաբանական կրթություն չունեցող անձը դատարանում առանց շահույթ հետապնդելու ներկայացնի ինչ-որ մեկի շահերը։ Օրենքն արգելում է միայն այդ ծառայության համար գումար վերցնելը: Եվ եթե որևէ անձ ցանկանում է դատարանում ինչ-որ մեկի շահերը ներկայացնել՝ վճարովի ծառայություն մատուցելով, ապա պարտավոր է Փաստաբանության դպրոցից փաստաբանի արտոնագիր ձեռք բերել։ Իսկ արտոնագիր ձեռք բերելու համար հարկ է Փաստաբանների դպրոցում վերապատրաստվել 1 տարի՝ դրա դիմաց վճարելով այն ժամանակվա տվյալներով 400 հազար դրամ։

Վասիլյանի խոսքով` Փաստաբանական դպրոցը թանկ հաճույք է, և ամեն մարդ դրա համար վճարելու հնարավորություն չունի: «Ինձ ասում են՝ արի, 550 հազար դրամ վճարիր, կես տարի վերապատրաստվիր և զբաղվիր փաստաբանությամբ. դա էլ արտոնություն են անում: Ես չեմ ուզում, նախ` այդ գումարը չունեմ, երկրորդ՝ իմ փորձը լրիվ բավական է, ինչո՞ւ պիտի նորից սովորեմ: 35 տարվա իրավաբանության փորձ ունեմ, որից 25-ը՝ դատական ներկայացուցչության մեջ: Շատ կարևոր գործեր եմ տարել, հաղթել, հիմա էդ ամեն ինչը դառնում է ոչի՞նչ»:

Վրեժ Վասիլյանը խորհրդային տարիներին 25 տարի ղեկավարել է Համամիութենական կոմպլեքսային սարքավորումների գիտահետազոտական ինստիտուտի իրավաբանական ծառայությունը: Անկախությունից հետո շարունակել է ակտիվ իրավաբանական գործունեությունը. եղել է «Ռոսվնեշտորգ» արտադրական միավորման հայաստանյան մասնաճյուղի իրավաբանական բաժնի պետը, «Շուլցե» իրավաբանական խորհրդատվության բյուրոյի ղեկավարը, պարսկական «Մելլաթ» բանկի հիմնադիր իրավաբանը և այլն: Այդ ամենին զուգահեռ, որպես անհատ ձեռներեց, 15 տարուց ավելի ՀՀ արդարադատության նախարարության կողմից անցկացված քննությամբ ձեռք բերած լիցենզիայով իրականացրել է իրավապաշտպան գործունեություն՝ դատական ներկայացուցչությամբ:

«Ինչո՞ւ հասարակությունը կորցնի իր փորձառու մասնագետներին,- հարց է բարձրացնում իրավաբանը և նշում, որ օրենքի փոփոխությունից հետո այնպիսի մթնոլորտ է ստեղծվել, որ եթե փաստաբան չես, ուրեմն երրորդ սորտի մասնագետ ես:- Այսօր ես փաստացի գործազուրկի կարգավիճակում եմ, քանի որ ձեռնարկատերերը նախընտրում են աշխատանքի վերցնել փաստաբանների, որպեսզի նրանք կարողանան ներկայացնել ոչ միայն ընկերության, այլև իրենց շահերը: Դա լուրջ խնդիր է նաև նորավարտ իրավաբանների համար, որոնք իրավաբանական ֆակուլտետներն ավարտելուց հետո աշխատանք չեն կարողանում գտնել»:

Բացի այդ, օրենքի փոփոխություններով որոշակի սահմանափակումներ են առաջ եկել նաև իրավապաշտպան կազմակերպություններ դիմող քաղաքացիների համար: Եթե նախկինում այդ կազմակերպությունները կարող էին որպես տուժողի շահերի պաշտպան կամ որպես տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի շահերի պաշտպան հանդես գալ դատարաններում, նոր օրենքով խնդիրը չի կարգավորվում: «Մինչդեռ իրավապաշտպան կազմակերպությունը կարող էր ոչ միայն հարցը դատարանում ներկայացնել, այլև դրան հանրային հնչեղություն տալ, որը նաև դատարաններին զսպելու միջոց կլիներ»:

Վասիլյանը նաև անարդար է համարում այն, որ 15 տարվա փաստաբանական աշխատանքային փորձ ունեցող փաստաբաններն առանց քննության ստացել են փաստաբանի արտոնագիր, մինչդեռ այն ժամանակ ՀՀ արդարադատության նախարարության կողմից համապատասխան քննությամբ տրված արտոնագրով այլընտրանքային իրավաբանական ծառայություն մատուցելը ոչ միայն հավասար էր փաստաբանի կարգավիճակին, այլև պարտադրվում էր նաև փաստաբանին:

«Պետք է հավասար իրավունքներ տրվեին նաև այլընտրանքային իրավաբանական ծառայության ոլորտում երկարամյա փորձ ունեցող անձանց, որպեսզի մենք էլ առանց քննություն տալու արտոնագիր ստանայինք»,- կարծում է իրավաբանը:

Նա ընդգծում է ևս մի կարևոր հանգամանք` այլընտրանքային իրավաբանական ծառայության իրավունքը՝ որպես ժողովրդավարության սկզբունքի կարևոր բաղադրիչ, որն ամրագրված է միջազգային նորմերով: Իրավաբանը վկայակոչում է 1990 թ. Հավանայում ՄԱԿ-ի 8-րդ կոնգրեսի կողմից ընդունված իրավաբանների դերի մասին հիմնական սկզբունքները, որոնցում կարևորվում է այլընտրանքային իրավաբանական ծառայության գոյությունը, և միանգամայն հավասար իրավական նշանակություն է տրվում փաստաբանական գործունեություն իրականացնող, սակայն փաստաբանի արտոնագիր չունեցող անձանց:

«Քանի որ մենք ՄԱԿ-ի անդամ պետություն ենք, այդ սկզբունքները գերակա կիրառման նշանակություն ունեն մեր երկրում,- հիշեցնում է Վասիլյանը,-այլընտրանքային իրավաբանական ծառայության իրավունքը պահպանված է մի շարք երկրներում, այդ թվում նաև Ռասաստանում»:

Օրենքի փոփոխության հիմքում, ըստ պետական մարմինների, դրված են ֆրանսիական չափորոշիչներ: «Բայց արդյոք մեր իրականությունը մո՞տ է ֆրանսիական չափանիշներին,- հարց է բարձրացնում իրավաբանը,- մենք դեռ կայացած պետություն չենք և ճանապարհ պետք է անցնենք, ինչո՞ւ ենք շտապում»:

Իրավաբանը նաև նշում է, որ այս ամենի հետևանքով բարձրացել է փաստաբանական ծառայության վճարը: «Դաժան գնային քաղաքականություն է տիրում: Փաստաբանի մի քայլը սկսվում է 1000 դոլարից»,- նկատում է նա:

Ինչ վերաբերում է պետության կողմից տրամադրվող հանրային պաշտպանին, ապա իրավաբանը կարծում է, որ այնուամենայնիվ քաղաքացին պետք է ընտրության հնարավորություն ունենա, քանի որ հանրային պաշտպանի գործունեությունը կարող է նաև չբավարարել նրան: «Եթե մարդը ցանկանում է այլընտրանքային իրավաբանական ծառայությունից օգտվել, մի փակեք այդ ճանապարհը, տվեք այդ իրավունքը»,- ասում է իրավաբանը՝ ընդգծելով, որ դա մեծ նշանակություն ունի թե՛ քաղաքացիների, և թե՛ իրավաբանների համար,- դա նաև առողջ մրցակցություն կմտցնի ոլորտում, որից ծառայությունների որակը կբարձրանա, իսկ գները կիջնեն»:

Վրեժ Վասիլյանն առաջարկում է, որ իրավաբանները նույնպես՝ որպես անհատ ձեռներեցներ, հնարավորություն ունենան արդարադատության նախարարություն ներկայացնելու իրենց կրթության, աշխատանքային փորձի մասին տեղեկատվություն, որի հիման վրա նախարարությունը որոշի թույլ տալ կամ թույլ չտալ իրավաբանական ծառայություն մատուցել:

Նշենք, որ փոփոխված օրենքով վճռաբեկ դատարան բողոք ներկայացնելու իրավունքը նույնպես վերապահված է միայն փաստաբաններին: Իրավաբան Արտակ Զեյնալյանը դիմել էր Սահմանադրական դատարան՝ հակասահմանադրական ճանաչելու այդ դրույթը: Նրա կարծիքով՝ քաղաքացին պետք է իրավունք ունենա անձամբ վճռաբեկ բողոք տանելու և՛ վարչական, և՛ քաղաքացիական, և՛ քրեական գործերով: Սահմանադրական դատարանը օրեր առաջ հակասահմանադրական է ճանաչել վճռաբեկ բողոքը միայն փաստաբանի միջոցով բերելու պահանջը:

Ի դեպ, Արտակ Զեյնալյանը նույնպես հակաիրավական է և հակասահմանադրական է համարում «Փաստաբանության մասին» նոր օրենքը, ըստ որի` դատական ներկայացուցչությունը կամ դրա կազմակերպումը՝ որպես պարբերաբար կամ վճարովի հիմունքներով ծառայություն, կարող է իրականացնել միայն փաստաբանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: