Հայերեն   English   Русский  

«Ոչ թե նվնվալ է պետք, այլ գործել»․ Արծրուն Պեպանյանը Սեբաստիայի օրինակն է մատնանշում


  
դիտումներ: 5402

«Ողջունելի է, որ խնդիրը բարձրացվում է, բայց կա մտավախություն, որ այս խորհրդաժողովն էլ կսահմանափակվի խնդիրը բարձացնելով։ Մենք այդ պրոբլեմն ունենք՝ հուզվում ենք, հավաքներ անում, բայց հետո դա շարունակություն չի ունենում, հաջորդ քայլերը չենք անում»,-«Պետականություն և արժեհամակարգ» խորագրով խորհրդաժողովում Անկախ-ի հետ զրույցում ասաց Հանրային խորհրդի անդամ, hրապարակախոս, քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանը։

Պեպանյանի խոսքով՝ երբ քննարկվում է բուհերում լեզվի և պատմության դասավանդման հարցը, պետք է նախ հասկանալ, թե ինչու է այս հարցն առաջացել, և այս իրավիճակում մենք ինչ կարող ենք անել։

Հրապարակախոսը հարց է տալիս՝ երբ հայոց լեզուն ու պատմությունը բուհերում պարտադիր էր, մեր վիճակն անցյալում ավելի լա՞վ էր։ «Ե՛վ ներկա, և՛ նախկին պաշտոնյաները խոսում են պատմությունից՝ բացարձակ անտեղյակ և աստված գիտե ինչ հայերենով։ Մենք այդ պրոբլեմն ունենք։ Ես նույնիսկ շնորհակալ եմ, որ այս նոր իշխանությունները մեզ այսպես «բզբզում են», և մենք այս խնդիրներից խոսում ենք։ Բայց խոսելու հետ մեկտեղ պիտի կարողանանք նաև առաջարկել լուծումներ»։

Այս առիթով նա մի հետաքրքիր պատմական դրվագ է ներկայացնում․

«1926 թ․ Սեբաստիայում մնացել էր մի փոքր հայություն՝ տնտեսական կարողությունները խլված, իրավազուրկ, զգուշավոր, մի կերպ գոյությունը քարշ տվող։ Պարզ է՝ հայկական դպրոց էլ չկար, երեխաների կրթությունը մնացել էր տան անդամների հույսին, իսկ այդ ընտանիքներում բոլորը չէ, որ կկարողանային այդ գիտելիքները տալ։ Մի խոսքով՝ անորոշ ու անհույս իրավիճակ էր։ Այդ ժամանակ Պոլսից Սեբաստիայի բանտ են բերում մի հայ երիտասարդի՝ Գևորգ Հալաջյանին։ Երբ նրան տեղի հայերը գալիս են տեսակցելու և պատմում են, թե ինչ իրավիճակ է Սեբաստիայում, նա խորհուրդ է տալիս անպայման կազմակերպել երեխաների կրթության հարցը և դպրոց հիմնել։ Տեղացիները զարմանում են, ասում, որ դա հնարավոր չի, քանի որ իրենց շատ ավելի վատ կվերաբերվեն։ Հալաջյանը լուծում է առաջարկում․ գրում է Միացյալ Նահանգներում ապրող եղբորը, որ մի քիչ գումար ուղարկի, տալիս է հայերից մեկին, մեկ այլ հայի հետ խոսում է, որ իր տանը մի սենյակ տրամադրի, սեղան, աթոռ են տանում, տեղադրում, ուսուցիչ են վարձում, որից հետո Սեբաստիայի հայերին տեղեկացնում են, որ գործում է գաղտնի հայկական դպրոց։ Ծնողները երեխաներին տանում են այդ դպրոցի մոտ, իբր այդ փողոցով ուղղակի քայլում են, և հենց հասնում են տան մոտ, երեխաները ծնողի ձեռքը բաց են թողնում և իբր պատահաբար՝ վազում, մտնում այնտեղ»։

Այս պատմական դրվագը վերհիշելով՝ Պեպանյանն ընդգծում է, որ եթե կա ցանկություն ու նպատակ, անգամ այդպիսի իրավիճակում հնարավոր է ելք գտնել։

«Հիմա հազար անգամ ավելի բարեհաճ իրավիճակում ենք։ Եթե անգամ ամենավատ իշխանությունն էլ լինի, չենք համեմատի այդ իրավիճակի հետ։ Ու եթե անգամ իշխանությունները հանեն հայերենը բոլոր բուհերից ու դպրոցներից, այսօրվա տեղեկատվական տեխնոլոգիաները տալիս են բոլոր հնարավորությունները այս հարցերը լուծելու։ Այսօր կրթելու մենաշնորհը պետությանը չէ, հասարակությունն էլ կարող է լծվել այդ գործին։ Մնում է, որ մենք կարողանանք ինքնակազմակերպվել այն աստիճանի, որ կարողանանք ինքներս մեզ կրթել՝ հիշելով Սեբաստիայի դեպքը։ Ուղղակի որոշ մարդիկ պետք է շոգեքարշի դեր ստանձնեն։ Այս դեպքում իշխանությունն ինչ որոշում ուզում է, թող կայացնի»։

Պեպանյանի խոսքով՝ ինքնակազմակերպվելու կարիք կա, եթե անգամ լավագույն իշխանությունն ունենանք, քանի որ իշխանության ձեռքն ամեն տեղ չի հասնում։

«Ոչ թե նվնվալ է պետք, այլ գործել։ Մեզ մոտ խոսելը, հուզվելը լավ է ստացվում, գործելը՝ ոչ»,-ամփոփում է հրապարակախոսը։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: