Հայերեն   English   Русский  

Ռուսական Առաջին ալիքով կցուցադրվի «Ֆրունզիկ Մկրտչյան. հպարտ հայացքով մարդը» վավերագրական ֆիլմը


  
դիտումներ: 5920

Ես միշտ զարմանում եմ, թե այդ ի՞նչ ուժ է, որ այստեղից գնում ու ջուր է առաջանում մարդու աչքերում: Այ քեզ բան:

Ես երբեք չեմ ցանկացել դերասան դառնալ: Բայց տոտիկ-տոտիկ անելով իմ սուրբ ժամը եկավ, բերեց թատրոն, և ես չհասցրեցի մանկություն ունենալ: Թատրոնն աղոթելու տեղ է, թատրոնն Աստծո հետ խոսելու ձև է… Յուրաքանչյուր դերիս մեջ մխրճվում էի, ապրում, և ապրածս դեմքիս վրա ի ցույց դնում…

Այս խոսքերը պատկանում են թատրոնի և կինոյի ամենասիրված դերասաններից մեկին՝ Ֆրունզիկ (Մհեր) Մկրտչյանին:

«Ինչո՞ւ կեֆիր չեք ուտում, ինչ է չե՞ք սիրում», «Վելիկո ջան, ես քեզ մի խելացի բան կասեմ, միայն դու մի վիրավորվիր». վարորդ Խաչիկյանի այս և բազմաթիվ այլ թևավոր խոսքերը հանրաճանաչ դարձան 1978-ին՝ սովետական «Միմինո» ֆիլմի էկրան բարձրանալուց հետո:

Վերոնշյալ արտահայությունների հեղինակը ռեժիսորը կամ սցենարիստը չէին, այլ հենց ինքն էր՝ դերասան Ֆրունզիկ Մկրտչյանը։ Հենց այդ մասին է պատմվելու «Ֆրունզիկ Մկրտչյան. հպարտ հայացքով մարդը» վավերագրական ֆիլմում, որը կցուցադրվի այսօր ռուսական Առաջին ալիքով։

«Նկարահանման հրապարակում նա իմպրովիզացիաներ էր անում, ստիպելով ծիծաղել անգամ երբեք գործից չշեղվող օպերատորներին։ Վարորդ Խաչիկյանի դերի համար, ըստ էության, էպիզոդիկ դերակատար Ֆրունզիկը ստացել է ԽՍՀՄ պետական մրցանակ և համամարդկային սեր։

Ռուսաստանում երկրպագուները նրան ջերմորեն անվանում էին Ֆրունզիկ: Ամեն դեպքում, նա ուներ 2 անուն, ասում են՝ նաև 2 անձնագիր։ Առաջինը՝ Ֆրունզե անունով, երկրորդը՝ Մհեր, որը հայերենում նշանակում է արև, լույս։

Այդպես էին դերասանին կոչում հայրենի երկրում՝ Հայաստաում։ Երկու անձնագրերն էլ դերասանը կորցրել էր և ապրում էր առանց փաստաթղթերի։ Սովետական Միությունում դերասանին անձնագիր ուղղակի հարկավոր չէր։ Նրան բոլորը դեմքով գիտեին։ Բայց ոչ ոք իրականում չգիտեր նրան»,- ասվում է ֆիլմի անոնսում։

Դերասան ամեն գնով

Հարազատները հիշում են, որ Ֆրունզիկը մանկուց երազում էր դառնալ դերասան` հաճախ կազմակերպելով իմպրովիզներ ընկերների և ծանոթների համար։ Անգամ հոր հետ տեղ գտած դիմակայությունը չէր կարող ոչինչ փոխել։

Տասնհինգ տարեկանում Մկրտչյանն արդեն սկսեց հանդես գալ որպես դերասան, այցելում էր խմբակներ, այնուհետև հանդես գալիս Մռավյանի անվան թատրոնում։ Ֆրունզիկի համար մեծ

երջանկություն էր ընդունվել Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտ։ Նա գրեթե միանգամից սկսում է խաղալ Հայաստանի առաջատար թատրոններից մեկի` Սունդուկյանի անվան թատրոնի բեմում։

Մկրտչյանը հիանալի մարմնավորել է թատրոնի գրեթե բոլոր դասական կերպարներին` Գվիդոն թագավորից մինչև Սիրանո դե Բերժերակ։ Ինչ վերաբերում է կինոյին, ապա Ֆրունզիկն աշխատել է կատակերգական ժանրի` համամիութենական մասշտաբի վարպետների հետ` Գեորգի Դանելիա, Լեոնիդ Գայդայ և այլոք։ «Մեր մանկության տանգոն», «Միայնակներին տրվում է հանրակացարան», «Կտոր մը երկինք», «Խոշոր շահում», «Տղամարդիկ», «Միմինո», «Խաթաբալա», «Եռանկյունի», «Կովկասի գերուհին»....Նրա մասնակցությամբ ֆիլմերը կարելի է անդադար թվարկել, և դրանցից յուրաքանչյուրը դարձել է մի մեծ իրադարձություն` մեկընդմիշտ մնալով հանդիսատեսի հիշողության մեջ...

Մհեր Մկրտչյան` տխուր աչքերով կատակերգուն

Հայ բեմի անվանի ու անմոռանալի դեմքերից մեկն էր Մհեր (Ֆրունզիկ) Մկրտչյանը:Ֆրունզի երեւակայությունը անսահման էր, որն իր հետ բերում էր համ ու հոտ եւ գերում էր, լիներ բեմում, թե կինոյի հրապարակում:

Արվեստագետները նշում են, որ այսօր Ֆրունզի պակասը զգացվում է, չնայած որ նրա ժամանակներն անցել են...

Բայց Ֆրունզի թողած դերասանական ժառանգությունը մնաց ու դարձավ երիտասարդ սերնդի համար բեմական դպրոց, ու այսօր իր անունը կրող թատրոնը («Մ. Մկրտչյան արտիստական թատրոն») շարունակում է նրա թողած ավանդն ու մշտապես ժպտադեմ նկարներից մեզ է նայում ու կարծես կրկնում է իր հոր խոսքերը` է՜յ, հե՜յ ՄՀեր Մկրտչյանը դեռ մանկուց երազում էր իր ծնողների փափագը տեսնել՝ Անիի, Արեւմտյան Հայաստանի ...ազատագրումը:

Սակայն հենց այդ կարոտն էլ սրտում նա հեռացավ ու իր ժողովրդին թողեց իրեն կարոտելու պատգամը: Ֆրունզիկի բոլոր խաղացած դերերը, անկախ նրանից դրանք փոքր էին, թե գլխավոր, մշտապես գերում ու առանձնահատուկ ժպիտ էին արթնացնում:

Մեր Ֆրունզը գերեց ու ծիծաղեցրեց բոլորին, սակայն իր համար ժամանակ չգտավ մի փոքր ծիծաղելու...

Նույնիսկ երբ Ֆրունզիկը ծիծաղում էր, նրա աչքերը տխուր էին մնում. հանճարեղ արտիստը խորապես դժբախտ էր։

Ֆրունզիկի կամ Մհերի ընտանեկան կյանքը չդասավորվեց։ Տղան և աղջիկը մահացան։ Երրորդ ամուսնությունը նույնպես երջանկություն չբերեց նրան։ Բարի դերասան` անչափ թախծոտ աչքերով։

Այդպիսին նա կմնա միլիոնավոր մարդկանց հիշողության մեջ։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: