Հայաստանում ներդրումային միջավայրը շարունակում է մնալ չբարելավված, ներդրողներն ինչպես գալիս են Հայաստան, այնպես էլ հիասթափված հեռանում են. Ծառուկյան
Նա անդրադարձավ Երևանի կենտրոնում հյուրանոց կառուցելու պատմությանը, որը ձգվում է տարիներով. «Հեղափոխությունից հետո ամեն մեկս պետք է մեր աշխատանքը կատարենք ու ժողովրդի սպասելիքներն իրականացնենք՝ լինի ընդդիմություն թե դիմություն: Օրինակ, ես Հայաստան էի հրավիրել իմ գործընկերներին՝ Աբու Դաբիի թագաժառանգին և Արաբական Միացյալ Էմիությունների «Ռոտանա» հյուրանոցների ցանցի ղեկավարին: Վերջինս եկել էր Երևան, որպեսզի երկու հյուրանոց կառուցեր Երևանում՝ զբոսաշրջությունն ավելի զարգացնելու նպատակով:
Իսկ թագաժառանգն ուզում էր Երևանի կենտրոնում հիվանդանոց կառուցել իր հոր անունով, որպեսզի կարիքավորներն անվճար օգտվեին: Նրանք հանդիպել են Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի և գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի հետ: Հանդիպումը տևել է կես ժամ, մարդիկ հիասթափված դուրս են եկել ու իրենց ներդրումների մասին մոռացել, ժամանակավորապես սառեցրել են:
Ինչ ասում եմ, անձամբ կարող եք ճշտել Երեւանի քաղաքապետից ու ճարտարապետից»,-ասաց Ծառուկյանը:
«Ասենք թե միլիարդատերը գալիս է, ուզում ներդրում անի, հիվանդանոց կառուցի, անվճար լինի, մարդիկ օգտվեն, ուզում է հյուրանոցներ կառուցի:
Կարեւորն այն է, որ ամեն մարդ իր աշխատանքին տիրապետի, որ իր գնահատականը պետք է տրվի իր կատարած գործերով, ոչ թե ճարտար խոսելով, կամ դատարկ-դատարկ խոսելով:
Եթե մարդը գալիս է Երեւան եւ ուզում է կառուցել երկու հյուրանոց, ասում է՝ պատրաստ ենք վճարելու: Աբու Դաբիի թագաժառանգն ուզում է հիվանդանոց կառուցի, որը հոր անունով լինի թագավորի, եւ կարողանան մարդիկ օգտվեն, դրանից լավ առաջարկ կա՞, որ մեկն արել է»,- ասաց նա: