«Դիմենք Երևանի քաղաքապետարանին, թող հող հատկացնի «Ծիծեռնակաբերդ 2»-ի համար». Հարություն Մեսրոբյան
-Պարոն Մեսրոբյան, անվտանգության խնդիրների շուրջ Ձեր մտահոգությունները ինչո՞վ են պայմանավորված և որո՞նք են ազգային ու պետական անվտանգության երաշխիքները:
-Պետական անվտանգությունը խարսխված է նաև ռազմավարական օբյեկտների վրա: Օրինակ, ատոմակայան՝ տրված է այլ պետության հավատարմագրային կառավարման, կապ՝ տրված է այլ պետության կառավարման, երկաթգիծ՝ տրված է այլ պետության, ազգային ավիափոխադրող՝ չունենք, իսկ սա մեզ մոտ կրկնակի անվտանգության խնդիր է, որովհետև մենք կիսաշրջափակման մեջ ենք: Այսինքն, մեր վերաբերմունքը ռազմավարական օբյեկտների նկատմամբ ցույց է տալիս մեր փնթի վերաբերմունքը ազգային անվտանգությանը: Իսկ դա նշանակում է, որ մենք դեռ արժանի չենք ունենալ պետություն, որովհետև պետության թիվ մեկ խնդիրն ազգային անվտանգության հարցի լուծումն է: Հակառակ դեպքում պետության կարիքը չկա, կարելի է մտնել ինչ-որ մեկի փեշի տակ, դրսից կառավարիչ բերել, ապրել:
-Ձեզ կհակադարձեն՝ ասելով, որ ռազմավարական այդ օբյեկտներն օտարվել են նախկին իշխանությունների օրոք, և հիմա արդեն ոչինչ անել հնարավոր չէ:
-Թող ասեն, որ նորերից չի կարելի պահանջել մի բան, որը նախորդների մեղքով է եղել: Այո, նախորդներն այդ կոպտագույն սխալն արել են, եթե չասեմ ավելին, բայց նորերն էլ հայտարարում են, որ Հայաստանն անկախ պետություն է, ՀՀ քաղաքացիները հպարտ քաղաքացիներ են և այլն: Հիշեցնեմ, որ ՀՀ հպարտ քաղաքացիներ և ուժեղ, անկախ պետություն չի կարող լինել, եթե չկա անվտանգության լուծված խնդիր: Այսինքն, դրանք ընդամենը խոսքեր են, եթե չեն արվում պրակտիկ հետևություններ:
-Վերջին շրջանում Արցախյան հակամարտության շուրջ տեղի են ունենում իրադարձություններ, որոնք մտահոգիչ են, մասնավորապես Ադրբեջանի վերջնագրերով հայտարարությունները, էսկալացիայի նոր վտանգը և այլն: Ի՞նչ է կատարվում և արդյո՞ք հայկական կողմի արձագանքը համարժեք է:
-Ես ուզում եմ այս ամենը դիտարկել ավելի լայն կոնտեքստում, քանի որ սա տեղավորվում է մեր տարածաշրջանում տիրող աշխարհաքաղաքական իրավիճակի և Թուրքիայի ռազմավարական ծրագրերի մեջ: Միտքը, թե խաղաղության կոչերով, ինչ-որ զիջումներով կարելի է լուծել Ղարաբաղյան հիմնահարցը և կայունացնել իրավիճակը, լավագույն դեպքում, ռոմանտիկայի ժանրից է: Եթե նույնիսկ ժամանակավոր պայմանավորվածություն ձեռք բերվի որոշ զիջումների դիմաց, դա երկար չի տևի, քանի որ կա՛մ Ադրբեջանը, կա՛մ Թուրքիան, կա՛մ երկուսը միասին միշտ պատճառ են գտնելու ագրեսիայի նոր փուլ սկսելու համար, որովհետև նրանց վերջնական նպատակը ազատվելն է Հայաստանից, որը խոչընդոտում է Մեծ Թուրանի գաղափարի իրականացմանը: Հիշենք, որ ԽՍՀՄ փլուզումից հետո տարածաշրջանում ստեղծվեց նոր աշխարհաքաղաքական իրավիճակ, կտրուկ ավելացավ տարածաշրջանային և համաշխարհային դերակատարների թիվը, մեծացան քաղաքական հավակնությունները, և Ղարաբաղյան հարցի «ռոմանտիկ» լուծումն ամբողջությամբ տեղավորվում է Թուրքիայի ռազմավարական նպատակների ծիրում:
-Փաստորեն, խնդիրը շատ ավելի խորքային է, քան թվում է առաջին հայացքից: Նման իրավիճակում կրկնակի կարևորվում է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության գործունեությունը: Ձեր կարծիքով այդ կառույցն իր գործառույթները լիարժեք կատարո՞ւմ է:
-Ազգային անվտանգության ծառայությունը մեծ ծավալով պետք է զբաղվի հակահետախուզությամբ, որը երկու կողմ ունի՝ պետությունից դուրս և պետության ներսում: Ես չեմ տեսնում, որ ազգային անվտանգությունն այս խնդիրներով է զբաղված: Այդ կառույցն ավելի շատ իրավապահ մարմինների ֆունկիցիաներն է կատարում, իսկ սա նույնպես գալիս է ապացուցելու մեր փնթի վերաբերմունքն ազգային անվտանգությանը: Նորից հանգում եմ այն հարցին՝ 1991 թվականից արդյո՞ք մենք ուզում ենք անկախ պետություն ունենալ: Ազգային անվտանգության ծառայությանն օժանդակելու համար Ազգային ժողովը պետք է հրատապ կարգով ընդունի ԱՄՆ-ում անցյալ դարի 30-ականներից լայնամասշտաբ կիրառվող FARA (Foreign Agents Registration Act) օրենքի նմանատիպ մի օրենք օտարերկրյա գործակալների մասին: Հակառակ դեպքում ստացվում է, որ մեզ մոտ ազատորեն կարող են տարբեր գրանտային ծրագրերի ներքո, մաքսիմալ ազատության պայմաններում խաթարել մեր ազգային անվտանգությունը։ Այսինքն, մենք մեր ձեռքով վտանգում ենք մեր պետականությունը։ Իմ մոտ այնպիսի տպավորություն է, որ 1915 թվականը մեզ համար դաս չի եղել, և եթե այսօր մենք թուլացնենք մեր պետությունը, ոսոխը չի հապաղի:
-Այսինքն, մեր ողբերգությունների համար մե՞նք ենք պատասխանատու:
-Այո: Եվ շարունակաբար կրկնում ենք սխալները: 1991 թվականից մենք ամեն ինչ անում ենք, որ իշխանությունը չկայանա, նշանակում է՝ չենք ուզում ունենալ պետություն: Չենք ունենա պետություն, կլինի ցեղասպանություն: Դրա համար ես մի առաջարկ ունեմ՝ եթե չենք հասկանում, թե ինչ վտանգի առաջ ենք կանգնած, նախապես դիմենք Երևանի քաղաքապետարանին, թող հող հատկացնի «Ծիծեռնակաբերդ 2»-ի համար: Ո՛չ մի խելամիտ առաջարկ այլևս չունեմ: Թող մարդիկ ինձանից չնեղանան այս պրակտիկ առաջարկի համար: Իսկ եթե շատ են բորբոքվում իմ առաջարկից, թող վերջապես լրջանան ու պետությունն ուժեղացնեն:
-Պարոն Մեսրոբյան, ժամանակին Դուք լուրջ հետազոտություններ եք կատարել և դրա հիման վրա մշակել մի ծրագիր՝ հաշվարկներով ու հիմնավորումներով, որը վերաբերում է մրցունակ պետության ստեղծմանը: Ի՞նչ փուլում է այդ ծրագիրը:
-Շարունակում եմ լրամշակել, ավելի ճիշտ փոքր խմբագրումներ կան, բայց կարելի է ասել աշխատանքն ավարտված է: Չեմ կարող մանրամասնություններով ասել, բայց մի քանի ընդհանուր գծերով գաղափարը ներկայացնեմ: Մենք պետք է կարողանանք ստեղծել մրցունակ պետություն՝ առնվազն տարածաշրջանում մրցունակ, իսկ ընդհանրապես, լավ կլինի, որ մրցունակ լինենք աշխարհի ծավալներով: Ո՞րն է այդ մրցունակ պետությունը․ այն, որ հիմնվելով տվյալ ազգի օնթոլոգիայի, այսինքն անցած ճանապարհի վրա, կկառուցվի պետական կառավարման ադապտիվ հիբրիդ համակարգը, որն առավելագույնս կբացահայտի արագ փոփոխվող աշխարհին համարժեք պետության ամենաարդյունավետ կառուցվածքը և կօգտագործի ազգի ուժեղ կողմերը՝ նվազեցնելով բացասական կողմերի ազդեցությունը: Որո՞նք են ուժեղ և թույլ կողմերը, վերլուծությունն արդեն արված է: Դեռևս 2017 թվականին ես մի խումբ երիտասարդներ մասնագետների հետ ներկայացրել եմ «Հայոց պատմության կորը» վերլուծական աշխատությունը: Հին ժամանակներից սկսած՝ 20 և ավելի չափանիշներով, վերլուծություն է կատարվել, թե ինչ պետական հաջողություններ ու անհաջողություններ ենք ունեցել մի քանի հազար տարվա մեջ: Արդյունքում պարզվել է, թե որ չափանիշների դեպքում ենք աճ ունեցել, որ չափանիշների դեպքում՝ անկում:
Ասեմ, որ այս աշխատանքն աշխարհում եզակի է: Տարբեր ոլորտների մասնագետներ են ներգրավվել: Այս հետազոտությունն առաջին հերթին անհրաժեշտ էր, որպեսզի հետո մշակվի հայկական մրցունակ երկրի մոդելը, ինչը և արվել է:
-Մտադիր չե՞ք այն ներկայացնել հասարակությանը կամ իշխանություններին:
-Անիմաստ է: Ո՛չ հասարակությունը, ո՛չ իշխանությունը, ո՛չ էլ ընդդիմությունը պատրաստ չեն այսօր որևէ լուրջ քննարկման: Իմ աշխատանքն ընդամենը կարժեզրկվի:
-Իսկ Ձեր մշակած պատմության կորում մենք այս պահին որտե՞ղ ենք գտնվում:
-Դժբախտաբար մենք շարունակում ենք անկում ապրել, արդեն բացասական տիրույթում ենք հայտնվել և շարունակում ենք գահավիժել: Կա մի խնդիր, որը չի թողնում մեզ առաջ գնալ: Դա այն է, որ մենք չունենք ազգային էլիտա: Իսկ այն խնդիրները, որոնք ծառացած են մեր պետության առջև, կարող են բարձրաձայնվել և իրագործվել միայն ազգային էլիտայի առկայության դեպքում: Մեզ մոտ անկախությունից ի վեր անկախ պետությանը վայել էլիտա այդպես էլ չձևավորվեց։ Եվ այն փաստը, որ 30 տարվա մեջ մենք այդպես էլ չունեցանք «ի՞նչ պետություն ենք կառուցում» հարցի պատասխանը, այդպես էլ չմշակվեց պետության տեսլականը, զարգացման ռազմավարության ծրագիրը, ինչպես նաև պետական կառավարման մրցունակ համակարգը, վկայությունն է այն բանի, որ մենք պարզապես չունենք ազգային էլիտա։