Հայերեն   English   Русский  

Կառավարության ներկայացուցիչները մեզ հավաստիացնում էին, որ Հայաստանի պետական բյուջեում պակասուրդ չկա. Վահե Էնֆիաջյան


  
դիտումներ: 671

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, իսկ նախկինում «Ծառուկյան» դաշինքը մշտապես հանդես են եկել լրացուցիչ պետական վարկերի ներգրավման դեմ, որոնք նպաստում են մեր վարկային պարտավորությունների եւ ընդհանրապես պետական պարտքի մակարդակի բարձրացմանը: Այս մասին դեկտեմբերի 12-ին ԱԺ արտահերթ նիստում ասաց խորհրդարանի՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը՝ դիմելով ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանին:

Նրա խոսքով՝ սա փոքր գումար չէ, եւ նման վարկերին անհրաժեշտ է լուրջ վերաբերվել: «Խոսքը շատ մեծ գումարի մասին է: Ամբողջ տարվա ընթացքում Կառավարության ներկայացուցիչները մեզ հավաստիացնում էին, որ Հայաստանի պետական բյուջեում պակասուրդ չկա, այլ կա պրոֆիցիտ, իբր՝ մենք փողի ավելցուկի խնդիր ունենք, բայց ոչ մի կերպ դրանց անբավարարության: Հիմա եկավ տարեվերջը, եւ մենք հասկանում ենք, որ ունենք պակասուրդի խնդիր, եւ այս հարցը քննարկում ենք արագացված 24-ժամյա ռեժիմում, որ այն լուծենք»,- վրդովվեց Էնֆիաջյանը:

Ի պատասխան՝ Հայրապետյանը հավաստիացրեց, որ Հայաստանի պետական պարտքը վերահսկվում է, եւ տարվա վերջին կկազմի ՀՆԱ 49 տոկոսը, ինչը փոխնախարարի կարծիքով՝ վկայում է դրա աստիճանական նվազման մասին:

Նշենք, որ Կառավարությունը Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացրել ավելի քան 120 մլն եվրո ընդհանուր գումարով 4 վարկային համաձայնագիր, որոնք նախատեսում է մինչեւ տարեվերջ ստանալ բյուջեի պակասուրդը փակելու համար:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: