Ուսանողական ընդվզումները Հնդկաստանում ընդգրկել են ավելի քան 35 բուհ
Ըստ թերթի տվյալների՝ ընդվզում են այնպիսի բուհերի ուսանողները, ինչպիսիք են Բոմբեյի հնդկական տեխնոլոգիական ինստիտուտը Մումբայիում, Մադրասի տեխնոլոգիական ինստիտուտը Չեննաիում, Լաքհնաուի, Բենարեսեի, Կոչինեի, Կալկաթայի համալսարանները: Դրանց մեծ մասում պարապմունքները դադարեցված են:
Ուսանողները պահանջում են չեղարկել, իրենց կարծիքով, քաղաքացիության մասին անարդար օրենքը, ինչպես նաև համերաշխություն են հայտնում Ջամիա Միլլիա Իսլամիա համալսարանի (Նյու Դելի) և Ալիգարխի մահմեդական համալսարանի ուսանողներին: Այդ համալսարանները երեկ փակվել են մինչև հունվարի 5-ը, քանի որ դրանց ուսանողները զանգվածային բողոքի ցույցեր են կազմակերպել, որոնք ուղեկցվել են անկարգություններով:
Մինչ այս թերթը, հղում անելով ոստիկանության աղբյուրներին, տեղեկացրել էր, որ ավելի քան 50 մարդ վնասվել է անկարգությունների և ոստիկանության հետ ուսանողների բախումների հետևանքով, որոնք շարունակվել են կիրակի երեկոյան և լույս երկուշաբթի գիշերը Նյու Դելիի մի շարք շրջաններում:
Հնդկաստանի քաղաքացիության մասին նոր օրենքը, որն արդեն պաշտոնական հավանություն է ստացել, նախատեսում է Հնդկաստանի քաղաքացիության շնորհում պարզեցված կարգով Հարավային Ասիայի մի շարք երկրների՝ Պակիստանի, Աֆղանստանի և Բանգլադեշի ոչ մահմեդականներին, եթե նրանք ճնշումների են ենթարկվում իրենց հայրենիքում:
Խոսքը հնդուականություն, սիկհականություն, ջայնականություն, բուդդայականություն և քրիստոնեություն դավանող անձանց մասին է, որոնք բնակվում են այդ առավելապես մահմեդական երկրներում: Փոփոխությունները չեն վերաբերում տվյալ տարածաշրջանի այլ երկրներին, օրինակ՝ Նեպալին և Շրի Լանկային, ինչպես նաև մահմեդականներին:
Օրենքը հարուցել է հնդկաստանցի մահմեդականների դժգոհությունը: Նրանք կարծում են, որ այն խախտում է սահմանադրությունը, որով հռչակվել է բոլորի հավասարությունը՝ անկախ կրոնից:
Դժգոհություն են արտահայտել նաև երկրի հյուսիսարևելյան և արևելյան նահանգների բնակիչները, որոնք մտավախություն ունեն, որ այժմ Հնդկաստանի քաղաքացիություն կարող են ստանալ միլիոնավոր փախստականներ հարևան Բանգլադեշից: