Կոչ եմ անում Դավիթ Խաժակյանին մնալ Երևանի ավագանում և շարունակել ծառայել իր ընտրողներին. Ավետիք Չալաբյան
Նախորդ տարի կայացած Երևանի ավագանու ընտրություններին, մենք դեռ չէին սկսել մեր կուսակցության ձևավորումը, և ես աջակցել և ընտրել եմ Լույս դաշինքին։
Ընտրել եմ, մասնավորապես, որովհետև դաշինքի ցուցակի առաջին տասնյակում իմ հարգանքը վայելող այնպիսի անձիք էին, ինչպես Արտակ Զեյնալյանը, Դավիթ Խաժակյանը, Անահիտ Բախշյանը, Վարդան Մարաշլյանը, և այլոք։ Ցավոք, Լույս դաշինքը "հեղափոխական" էյֆորիայի պայմաններում ստացավ ընդամենը երեք տեղ ավագանում, Արտակ Զեյնալյանը հրաժարվեց մանդատից, նախարարի պաշտոնին մնալու համար (շատ ժամանակավոր), իսկ հիմա մենք կարող ենք կորցնել նաև Դավիթ Խաժակյանին՝ որպես մեր ընտրված ներկայացուցիչ։
Ես ցանկանում եմ հիշեցնել, որ մեր օրենսդրությամբ, կուսակցությունները ներկայացնում են պատգամավորների (կամ ավագանու անդամների) թեկնածուներին, բայց նրանց ընտրում է ընտրողը, և ընտրվելուց հետո, նրանք առաջին երթին պատասխանատու են իրենց ընտրողների առաջ, և միայն հետո՝ իրենց ներկայացնող կուսակցության։
Կոչ եմ անում Դավիթ Խաժակյանին՝ այդ գիտակցությամբ մնալ Երևանի ավագանում, և շարունակել խղճով և պատասխանատվությամբ ծառայել իր ընտրողներին։ Ես, որպես իր ընտրողներից մեկը, արժևորում եմ իր աշխատանքը, և չեմ ցանկանում կորցնել իրեն՝ որպես իմ ընտրված ներկայացուցիչ։