Հայերեն   English   Русский  

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխությունը պետք է դարձնել հանրային, քաղաքական պահանջ. Աղվան Վարդանյան


  
դիտումներ: 296

Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ռոբերտ Քոչարյանի ազատության հանձնախմբի համակարգող Աղվան Վարդանյանն ասաց, որ

Ռոբերտ Քոչարյանին անազատության մեջ պահելն անպատիվ գործ է, չի բխում մեր պետության շահերից, վնասում է պետության վարկին, խարխլում է դատական համակարգը և ի վերջո, իշխանության այս սևեռումը չի բերում հանրային համերաշխության, թույլ չի տալիս կենտրոնանալ իրական օրակարգերի վրա:

Նա հիշեցրեց, որ ժամանակ առաջ հասարակական, քաղաքական, մշակույթի, մարզաշխարհի մոտ 100 գործիչներ հանդես եկան հայտարարությամբ՝ ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի. «Նրանք իշխանությանը կոչ էին անում վեր կանգնել անձնական շահերից, ընդունել սեփական նախապաշարումների անճշտությունը «Մարտի 1»-ի գործի առնչությամբ, վերջ տալ դատական համակարգի ճնշումներին: Նաեւ հույս էին հայտնում, որ Քոչարյանի ազատ արձակումը հասարակական համերաշխության ազդակ կդառնա:

Այս մոտ 2 ամսվա ընթացքում Հայաստանում, Արցախում, համացանցում նախաձեռնվեց ստորագրահավաք այդ հայտարարության տակ եւ այսօր արդեն մոտ 60 հազար քաղաքացու ստորագրություն կա: Սակայն իշխանության դիրքորոշման մեջ փոփոխություն չկա, շարունակում են նույն անհեռանկար գործելաոճը: Այսօր մեր հանրության լարվածության պատճառներից մեկը «Մարտի 1»-ի գործի շուրջ ընթացող զարգացումներն են, ՀՀ երկրորդ նախագահին ոչ իրավական եղանակով կալանքի տակ պահելը: Ակնհայտ է՝ ներկայացված մեղադրանքը որեւէ կապ չունի 10 զոհերի հանգամանքների բացահայտման հետ»,-ասաց Վարդանյանը:

Նրա խոսքով, ակնհայտ է, որ Քոչարյանին բանտախցում պահելը ոչինչ չի տալիս ոչ որեւէ քաղաքացու, ոչ էլ պետությանը. «Այս վիճակից պետք է դուրս գալ: Ամենապարզ ելքը երկրորդ նախագահի խափանման միջոցը փոխելն է: Իշխանությունը դա չի անում՝ դատավորներին պարտադրելով հակաօրինական որոշումներ: Մնում է երկրորդ ճանապարհը՝ խափանման միջոցի փոփոխությունը դարձնել հանրային, քաղաքական պահանջ: Արձագանքելով 60 հազար քաղաքացիների պահանջին, ստեղծվել է նախաձեռնող խումբ, որի նպատակը Ռ. Քոչարյանի ազատությունն է»,-ասաց նա` հավելելով, որ մոտ 12 հազար ստորագրություն հավաքվել է Արցախում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: