ՀՀ-ում պետական համակարգը ձախողված է, բայց կայանում է երկրի ղեկավարի տիկնոջ ինստիտուտը. Աղվան Վարդանյան
«Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ պետական ամբողջ համակարգը չի աշխատում, ձախողված է ըստ վարչապետի, և դարձյալ ըստ վարչապետի մի շատ կարևոր ինստիտուտ է կայանում՝ երկրի ղեկավարի տիկնոջ ինստիտուտը:
Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ բարոյականությունից գանգրենա ունեցողները իշխանության ջրերի վրա մնալու համար պատրաստ են ուրանալ իրենց տասնամյակների ընկերներին:
Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ նախկիններին մերժողները, մեղադրողները այս շատ կարճ ժամանակում էապես գերազանցել են նախկիններին եւ մենիշխանությամբ, եւ դատարկ մեծամտությամբ, ինքնավստահությամբ, եւ աշխատելու անկարողությամբ»,-ասաց նա:
Աղվան Վարդանյանն անդրադարձավ նաև տեղեկությանը, որ «Հոկտեմբերի 27»-ին զոհված Յուրի Բախշյանի կինը՝ Անահիտ Բախշյանը պատրաստվում է դիմել դատախազություն՝ «Հոկտեմբերի 27»-ի գործից անջատված մասի կարճման որոշումը բեկանելու և նոր քննություն սկսելու համար:
«Ես հոկտեմբերի 27-ին հենց սկզբից մինչեւ ահաբեկիչներին պատժախուց տանելը ներկա եմ եղել: Տիկին Բախշյանը դատավարության ժամանակ, երբ ես վկայություններ էի տալիս, ինձ ասում էր՝ ինչու իմ ամուսինը սպանվեց, դուք չսպանվեցիք: Ես ինչ կարող էի ասել, ասացի, որ նույն գնդակը իմ աթոռի թիկնակի մեջ էր խրված: Հիմա շահարկել «Հոկտեմբերի 27»-ը, թողնենք տիկին Բախշյանին, նա կին է, զոհվածի այրի է, բայց «Հոկտեմբերի 27»-ից խոսում են մարդիկ, որոնց նկարագիրը, բարոյականությունը, կյանքը... ուղղակի ամոթ է:
Եթե նույն Վազգեն Սարգսյանն այսօր լիներ, այդ մարդկանցից տասնյակները, հարյուրները, որ լցված են հրապարակները, լրատվամիջոցները, ուղղակի ծպտուն չէին հանի: Նախկին մի բարձրաստիճան պաշտոնյա ասում է՝ 1998-ին Հայաստանում պալատական հեղաշրջում է եղել: Այդ մարդն այն ժամանակ մեծ մարդ էր, կասե՞ր նման բան»: