5 երեխա ունեցող ենթասպան արդեն 11-րդ օրն է անժամկետ հացադուլ է հայտարարել ՊՆ-ի շենքի առաջ
«Արդեն 11-րդ օրն է Պաշտպանության նախարարության շենքի առաջ հացադուլ է անում: Բնակարանի լուրջ խնդիր ունի, 5 երեխայի հայր է, նրանցից երկուսը հաշմանդամ են: Այն տունը, որտեղ ապրում են փլատակ է: Մխիթար Ալումյանը կամ իրեն հասանելիք բնակարանն է ուզում, կամ միջոցներ, որպեսզի վերանորոգի իրենց տունը: Մի քանի ամիս առաջ կրկին եկել է նախարարություն, խոստումներ են տվել ու տուն ճանապարհել, բայց ոչ մի արդյունք մինչ այսօր»,-մեզ հետ զրույցում ասաց Խաչատրյանը:
Նա նաև նշեց, որ Ալումյանը իր խնդրի մասին բազմիցս բարձրաձայնել է: Մի քանի ամիս առաջ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը խոստացել է լուծել բնակարանի խնդիրը, սակայն հիմա նախարարությունից ասում են, որ ինչ-որ պակաս փաստաթղթեր կան:
«Խոստացել են խնդրին լուծում տալ, իսկ հիմա փաստացի հրաժարվում են: Մխիթարն ասում է, որ այնքան է շարունակելու հացադուլը, մինչև ստանա իրեն հասանեիք բնակարանը: Հիմա նրան չեն թողնում անգամ ՊՆ շենքից ջուր վերցնի, այժմ բժշկական հսկողության տակ էլ չի գտնվում, եթե նրան մի բան պատահեց՝ ո՞վ է պատասխան տալու»,-ասում է Խաչատրյանը:
Վերջինս նաև նշեց, որ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը վերջերս լրատվական միջոցներից մեկով փաստաթուղթ է հրապարակել, որ իբրև Մխիթարին 600.000 դրամ գումար են տրամադրել, բայց ինքը՝ Ալումյանը հերքում է այդ լուրն ու ասում, որ ինչ-որ մեկն այդ գումարը պարզապես գրպանել է, իսկ իրեն ոչ մի գումար էլ չի հասել: