Բիզնեսմենը պետք է լինի ժամապահի պես՝ միշտ զգոն, սթափ ու պատրաստ․ հաջողակ գործընկերները «բացում են փակագծերը»
-Ես մի քիչ չեմ հավատում բախտ հասկացությանը, որ այսինչ մարդու բախտը բերեց, հաջողեց, այսպես եղավ, այնպես եղավ․․․ Ես էլ, Էդգար Ստեփանյանն էլ (Հրաչյայի բիզնես գործընկերը) մեկնարկային ոչինչ չենք ունեցել։ Չենք վախենում ոչ մի պրոբլեմից, պատրաստ ենք դիմակայել, պայքարել, ու թերևս հենց դրա մեջ էլ ինչ-որ չափով աշխարհի հավասարակշռությունն է գտնվում։ Մենք չենք ուզում, որ մեր կյանքում ճահճացում լինի։
Այս «բանաձևով» 2015 թվականին Հրաչյա Դանիելյանը հիմնեց էլեկտրոնային փողերի կանխիկացման «Տետ չենջ» (Tetchange) ընկերությունը: Այն ներկայումս զբաղվում էօր օրի զարգացող ու մեր կենցաղը գրավող կրիպտոարժութային գործառնությունների իրականացմամբ՝ վեբ մանի (webmoney), սքրիլլ (skrill), ադվաքեշ (AdvCash), բիթքոին, պաքսում (Paxum) և այլն՝ 20-ից ավելի էլեկտրոնային փողերի կանխիկացման, խորհրդատվության և աջակցության ծառայություններ մատուցելով։
Բիզնես սկսելուց առաջ մարդիկ տարբեր բաներ են մտածում, նշում է Հրաչյան, բայց մտածած պրոբլեմների մեծ մասն իրականում չի լինում։ Փոխարենն, ասում է նա,լինում են բոլորովին այլ պրոբլեմներ, ու այնպիսի բաներ, որդու իսկզբանե կանխատեսել չէիր կարող։ Բոլոր տեսակի «բացասական» պատճառների մասին էլ, որ մարդիկ հաճախ բերում են իրենց անհաջողությունը բացատրելիս, Հրաչյան շեշտում է՝ ցանկացողն ուղիներ է որոնում, չցանկացողը՝ պատճառներ։
«Եթե մենք սկսեինք ասել՝ Հայաստանում կրիպտոարժույթի ոլորտը կարգավորում չունի, Հայաստանի իշխանությունները մեզ դուր են գալիս, կամ դուր չեն գալիս, այսինչ ոլորտային քաղաքականությունը սխալ է, ինչը կարող է ազդել մեր գործի վրա, մարդիկ վճարունակ չեն, մարդիկ այս ոլորտից անտեղյակ են, մենք այստեղ ունենք բազմաթիվ մրցակիցներ՝ հետևաբար մեր գործը չի ստացվի և այլն, և այլն, և այլն, մենք չէինք սկսի ու չէինք անի այն, ինչ այսօր հաջողությամբ անում ենք։ Մենք այդ ամենը հաշվի առնելով ենք սկսել ու արել ենք մեր գործը լավ, ինչն էլ բերել է հաջողության»,- նշում է «Տետ չենջ»-ի հիմնադիրը։
Երևանում սպասարկման կետը հիմնելուց անմիջապես հետո Հրաչյան ծանոթանում է Էդգար Ստեփանյանի հետ,հասկանում են, որ իրար հետ լուրջ ու արգասաբեր համագործակցություն կարող է ստացվել ու շարունակում են միասին գործել՝ հանդես գալով, որպես «Տետ չենջ» ընկերության համասեփականատերեր։ Ու այդ պահից էլ, նշում է Հրաչյան, հաջողությունների ու վերելքի մեծ ճանապարհը սկսվեց։ Համատեղ աշխատանքից մոտ 6-7 ամիս հետո նրանք արդեն նման կետ բացեցին Թբիլիսիում, իսկ այնուհետև՝ Մոսկվայում։
«Թբիլիսիի կետը բացել ենք, բառիս բուն իմաստով՝ 2 օրվա ընթացքում՝ հաշվի առնելով այստեղի փորձը․Ոչ այնտեղի օրենքները գիտեինք, ոչ գիտեինք՝ կաշխատե՞ր, թե՞ ոչ և այլն։ Անցավ ևս որոշ ժամանակ, և ես ու Էդգարը գնացինք Մոսկվա այլ չենջի հետ գործարք անելու։ Ձմեռվա շատ ցուրտ ամիս էր։ Գնացինք Մոսկվա Սիթի, նայեցինք այդ երկնաքերներին՝ բերաններս բաց․․․Բարձր մտածեցի ու ասացի՝ տեսնես այդպիսի օր կլինի՞, որ այստեղ գրասենյակ ունենանք։ Այդ ժամանակ Էդգարն ասաց՝ մի քանի ամիս հետո մենք այստեղ գրասենյակ ենք ունենալու։Այդ պահին ինձ դա հեքիաթ թվաց, քանի որ այնտեղ ամեն ինչը շատ թանկ ու դժվար է, բայց մի քանի ամիս հետո մենք արդեն Մոսկվա Սիթիում ունեինք մեր գրասենյակը։ Մոսկվայում, պատկերացրեք՝ մի քանի հարյուրմրցակիցներ, ու մենք պետք է նրանց հետ չափվեինք։ Այսինքն՝ եթե մի քիչ թույլ լինես, մի քիչանճշտապահ լինես, անվտանգությունը չպահես, սպասարկման որակը չպահես և այլն, երկու օրվամեջ քո հեղինակությունն այնպես հողին կհավասարեցնեն ու քեզ կթռցնեն դուրս, որ էլ ոչ ոք քեզ հետ չի աշխատի։ Հետո հասկացանք, որ մեզ նաև մասնաճյուղ է պետք Ստեփանակերտում․ չնայած որ քաջ գիտակցում էինք, որ այնտեղից մենք դժվար թե կարողանանք եկամուտ ակնկալել։ Ուղղակի նպատակն այն էր, որպեսզի ամբողջաշխարհը տեսներ, որ Ստեփանակերտը՝ մեր Արցախը նույնպես անմասն չի մնումայդ կրիպտոինդուստրիայից»,- պատմեց Հրաչյա Դանիելյանը։
Ստեփանակերտից հետո հերթական փոխանակման կետն ու գրասենյակը բացեցին Բելառուսում։ Հիմա «Տետ չենջ» ընկերությունն արդեն գործում է 5 երկրում՝ Հայաստանում, Ռուսաստանում, Վրաստանում, Բելառուսում և Արցախում՝ վերջին երկիրը Հրաչյան շեշտում է առանձնակի շեշտով ու հպարտությամբ։ Այս արդյունքներին հասնելու համար, ասում են Հրաչյան ու Էդգարը, պետք եղավ շատ գիտելիք, կյանքում ստացած փորձն օգտագործել, նաև ստեղծել՝ գեներացնել նոր փորձ։
«Պետք եղավ շատ սխալվել՝ մենք շատ-շատ ենք սխալվել։ Մեծ ներդրումներ պետք չեղան, ավելի շատ մտավոր ներդրումներն էին ամենակարևորը։ Չէի ասի, որ ամեն ինչը հեշտությամբ է մեզ տրվել, բայց մենք պայքարել ու հասել ենք որոշակի արդյունքի»,- ասում է Էդգար Ստեփանյանը։
Պրոբլեմներն ու խնդիրները մշտական են, նշում են գործընկերները, իսկ դրանք լուծելու համար պետք է համալիր մոտեցում ու համալիր լուծումներ տալ, որ այն ռեցիդիվ չունենա։Բոլոր պարագաներում մշտապես պետք է զարգանալ, կատարելագործվել։ Որևէ հաջողությունից ելնելով էլ չի կարելի ասել վերջ՝ արդեն հանգիստ կարող եսլինել։
«Նման բան չկա՝ մշտապես պետք է հենակետ պահող ժամապահի նման լինես միշտ թարմ ու արթուն, լինես զգոն, բայց այդ ամենը առանց սթրեսի՝ դա էլ է պարտադիր, որ հաճույքով պետք է տանից գնաս աշխատանքի և աշխատանքից տուն։ Բոլոր պրոցեսներից պետք է հաճույք ստանաս, մինիմալ հաջողություններից՝ մի գործընկերոջ, մի աշխատակցի, մի հաճախորդի հետ հաճելի զրույցից, չգիտեմ՝ մեկ բաժակ սուրճից, իրար հետ քայլելուց և այսպես շարունակ»,- հավատացնում է մեր զրուցակիցը։
Ներկայումս գործընկերները նպատակ ունեն տարբեր քաղաքներում զարգանալու, նոր կետեր բացելու՝ այդ թվում նաև Հայաստանից դուրս։ Հեռահար մեծ նպատակը ԱՄՆ-ում, Եվրոպայում ու Ճապոնիայում ներկայացված լինելն ու աշխատելն է։ Ամենավերջում Հրաչյան եզրափակում է՝ «պետք է անընդհատ զարգանալ, քանի որ հաճույքը, հետաքրքրությունը հենց այդ անընդհատական զարգացման մեջ է»։
Գևորգ Ավչյան