Հայերեն   English   Русский  

Դուք շարունակաբար խաղում եք մարդկանց անվան և համբավի հետ


Տիգրան Վարդանյան,ֆբ գրառում


  
դիտումներ: 567

Համացանց մի «տեղեկություն» են գցել, ըստ որի Ռիտա Սարգսյանն է հովանավորել երեխաների առք ու վաճառքը: Այս լուրը մի այնպիսի ջանասիրությամբ են տարածում և մեկնաբանում, որ հստակ երևում է և՛ պատվիրատուն, և՛ գործիքակազմը, և՛ հասցեատերը:

Դուք շարունակաբար խաղում եք մարդկանց անվան և համբավի հետ, ով անկախ ներքաղաքական ցանկացած իրավիճակից, կատարված «հեղափոխությունից» և այլնից, վայելում են շատ շատերի սերն ու համակրանքը: Այդ մարդկանցից մեկը Ռիտա Սարգսյանն է:

Նրա վերաբերյալ գրված մեկնաբանությունների մեծամասնությունը վիրավորանք է և կեղծիք: Ուրիշ էլ ի՞նչ սպասես մարդկանցից, ում կրթվածության մակարդակը այնքան ցածր է, որ նրանք, նույնիսկ, ինֆորմացիայի իսկությունը չեն ցանկանում ճշտել և նոր իրենց ֆանտաստիկ կարծիքը հայտնեն:

Եվ այս ամենը հաշվի առնելով, ես մի քանի տեղեկություն տրամադրեմ ձեզ տիկին Սարգսյանի վերաբերյալ:

Ռիտա Սարգսյանը 2010 թվականից «Նվիրիր կյանք» արյան քաղցկեղ և այլ ծանր հիվանդություններ ունեցող երեխաների բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահն է: Հիմնադրամը ստեղծվել է 2009 թվականին և 2017 թվականի դրությամբ աջակցել է 495 երեխայի: Հիմնադրամի և տիկին Սարգսյանի ջանքերով լիովին վերակառուցվել և վերազինվել է ՀՀ ԱՆ «Պրոֆ. Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը», որտեղ գործում է տարածաշրջանային նշանակության ոսկրածուծի փոխպատվաստման բաժանմունք և ցողունային բջիջների լաբորատորիա:

2011 թվականին Ռիտա Սարգսյանը ստեղծել է «Արագիլ» հիմնադրամը, որի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահն է: Հիմնադրամի նպատակն է եղել աջակցել սոցիալապես անապահով զույգերին՝ արհեստական բեղմնավորման միջոցով երեխա ունենալ: «Արագիլ» հիմնադրամի օգնությամբ աշխարհ է եկել 300 երեխա:

Ռիտա Սարգսյանի ջանքերով 2012 թվականի ապրիլի 2-ին ստեղծվել է «Աուտիզմ» ազգային հիմնադրամը: Առաջին տիկինը հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահն է: «Աուտիզմ» հիմնադրամի միջոցներով կառուցվել է դպրոց, որտեղ հաճախում են աուտիզմ ախտորոշում ունեցող 200 երեխա:

Ռիտա Սարգսյանի հովանու ներքո անցկացվել են Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթները, «Վերադարձ» միջազգային մրցույթ-փառատոնը, «Վերածնունդ» դասական երաժշտության փառատոնը, Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի Երևանյան միջազգային փառատոնը, «Նոր անուններ» մանկական միջազգային մրցույթ-փառատոնը, «ԱրմՄոնո» թատերական միջազգային փառատոնը, «Թումանյանական հեքիաթի օր» տիկնիկային միջազգային փառատոնը և բազմաթիվ այլ միջոցառումներ:

Շարունակե՞մ, թե՞ բավական է, որպեսզի ձեր հոգու գաղջ մթնոլորտը մի փոքր ցրվի:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: