Հայերեն   English   Русский  

35-ամյա տղամարդը, գրավով ազատվելով կալանքից, կրկին անգամ հափշտակություններ է կատարել


  
դիտումներ: 515

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են 35-ամյա տղամարդու կողմից կատարված մարդու առևանգման և մի շարք հափշտակությունների դեպքերի հանգամանքները:

Քրեական գործով իրականացված բազմակողմանի քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի բնակիչը՝ ծնված 1984թ., դեռևս 2018թ. մայիսին գտնվելով կալանքի տակ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, «ֆեյսբուք» սոցիալական կայքով ծանոթացել է Երևանի 30 - ամյա բնակչուհու հետ: 35-ամյա տղամարդը, վերջինիս վստահեցնելով, որ կօգնի իր պարտապանից գումարն ստանալու հարցում, ձեռք է բերել նրա վստահությունը և նրա օգնությամբ վճարելով որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառված գրավի գումարը՝ ազատվել կալանքից:

Այնուհետև՝ 2018թ. օգոստոսին, ուրիշի խոշոր չափերով հափշտակություն կատարելու դիտավորությամբ, Վրաստանի Հանրապետությունից ավտոմեքենա ներմուծելու պատրվակով՝ 30-ամյա կնոջից մաս - մաս ստացել է խոշոր չափերի գումար և առանց որևէ ավտոմեքենա ներմուծելու՝ յուրացրել այն: Բացի այդ, նույն թվականի սեպտեմբերին վերը նշված բնակչուհու ականջօղը կրկնօրինակելու և վերադարձնելու պատրվակով 35-ամյա տղամարդը վերցրել է ականջօղը և խարդախությամբ հափշտակել այն:

Քննությամբ պարզվել է նաև, որ 35-ամյա տղամարդը, նախնական համաձայնության գալով ընկերոջ հետ, Լենինգրադյան փողոցում գտնվող շենքերից մեկի հարակից տարածքում հանդիպել է 30-ամյա կնոջ պարտապանին՝ Երևանի՝ 1984թ. ծնված բնակչին, և պարտքը վերադարձնելու ժամկետի մասին խոսելու պատրվակով նստեցրել նրան ընկերոջ վարած «Վազ 21 014» մակնիշի ավտոմեքենան: Երթևեկության ընթացքում 35-ամյա տղամարդն ու ընկերը ձեռքերով հարվածել են Երևանի բնակչիմարմնի տարբեր մասերին, հայհոյել, զրկելով նրան ազատ տեղաշարժվելու հնարավորությունից՝ տեղափոխել են Դավթաշեն գյուղին հարակից նորակառույց ճանապարհ, որտեղ սպանության սպառնալիքներով պահանջել են պարտքով վերցրած գումարի մի մասը, որը վերջինս իր մտերիմների միջոցով փոխանցել է 35-ամյա տղամարդու կողմից մատնանշված հաշվեհամարին: Նույն օրը Երևանում գտնվող բանկոմատներից մեկի միջոցով գումարը կանխիկացնելուց հետո նրան թույլ են տվել հեռանալ:

Այնուհետև ստանալով 30-ամյա կնոջ համաձայնությունը՝ վերջինիս պարտապաններից՝վերը նշված 35-ամյա տղամարդուց և Երևանի մեկ այլ բնակչից, վերցրել է խոշոր և զգալի չափերով գումար և յուրացրել:

Բացի այդ, 2019թ. մայիսից հուլիսն ընկած ժամանակահատվածում 35-ամյա տղամարդը, ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակություն կատարելու դիտավորությամբ, օգտվելով տաքսի ծառայություն մատուցող վարորդների անուշադրությունից, նրանց ավտոմեքենաների սրահներից հափշտակել է վերջիններիս բջջային հեռախոսները՝ պատճառելով զգալի չափերի գույքային վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 35-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 178-րդ հոդվածի 1-ին մասով, 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 7-րդ կետերով, 179-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 179-րդ հոդվածի 1-ին մասով, 177-րդ հոդվածի 1-ին մասով (4 դրվագ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Վերջինիս ընկերոջը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին, 2-րդ , 3-րդ և 7-րդ կետերով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: