Պարզվել են հյուրանոցի մոտ տեղի ունեցած ծեծկռտուքի հանգամանքները. մեղադրանք է առաջադրվել երեք անձի
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Կոտայքի մարզի 33-ամյա բնակիչը, ցանկանալով պարզաբանումներ ստանալ Երևան քաղաքում գործող հյուրանոցի աշխատակցի հետ անձնական հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության կապակցությամբ, 2019 թվականի հունվարի 2-ին` ժամը 21:30-ի սահմաններում, սպասել է նշված հյուրանոցի դիմացի մայթում կայանված իր՝ «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենայում: Այդ ընթացքում նկատելով վերը նշված աշխատակցի ընկերներին՝ ծնված 1997թ., ովքեր, հեռախոսազանգի միջոցով տեղեկանալով վիճաբանության մասին, ժամանել էին հյուրանոց, փայտե մահակը ձեռքին դուրս է եկել ավտոմեքենայից և վիճաբանության մեջ մտել նրանց հետ:
Քննությամբ պարզվել է, որ վիճաբանության ժամանակ 33-ամյա տղամարդը փայտե մահակով դիտավորությամբ մի քանի անգամ հարվածել է երիտասարդներից մեկի մարմնի տարբեր մասերին, ծեծի ենթարկել նրան` պատճառելով ֆիզիկական ցավ: Իսկ 22-ամյա երիտասարդները ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել 33-ամյա տղամարդու մարմնի տարբեր հատվածներին: Այնուհետև Կոտայքի մարզի բնակչի ձեռքից վերցնելով փայտե մահակը՝ վերջինիս առողջությանը ծանր վնաս պատճառելու միասնական դիտավորությամբ, լրացնելով մեկը մյուսի գործողությունները՝ երիտասարդները ձեռքերով և ոտքերով, նաև փայտե մահակով, բազմաթիվ հարվածներ են հասցրել նրան՝ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնաս:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Երևանի 22-ամյա բնակիչներին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 185-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Կոտայքի մարզի բնակչին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: