Յուրաքանչյուր տարբերվող կարծիք ընդհուպ մինչև քրեական հետապնդմամբ լռեցնելու հետևողական քաղաքականություն է տարվում. Արփինե Հովհաննիսյան
Հայտարարությունում ասվում է.
«Մենք նախկինում ևս ընդգծել ենք, որ խոսքի ազատությունը յուրաքանչյուր իրավական պետության առաջնային հիմնաքարերից է, իսկ ազատ մամուլը ժողովրդավարական բանավեճի, կարծիքների բազամազանության երաշխավորը։ Մինչդեռ նախորդող օրերի իրադարձությունները՝ «Ժողովուրդ» օրաթերթի վրա հարձակումը, Հովտաշենում «Կենտրոն» ՀԸ լրագրողի և օպերատորի վրա հարձակումը, «5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանի ձերբակալությունը վկայում են, որ ազատ մամուլը վտանգված է, ինչը պայմանավորված է այլակարծության նկատմամբ ատելության սերմանման և յուրաքանչյուր տարբերվող կարծիքը ընդհուպ մինչև քրեական հետապնդմամբ լռեցնելու հետևողական քաղաքականությամբ։
Մենք անհանգստացած ենք նաև ԵՊՀ ՈւԽ նախագահ Դավիթ Ափոյանին՝ վտանգավոր հանցագործին ձերբակալելու եղանակով ԵՊՀ շենքից բերման ենթարկելու դեպքով՝ համոզված լինելով, որ ազատությունից զրկելու ցանկացած դեպք պետք է իրականացվի իրավական պետությանը հարիր երաշխիքների խստագույնս պահպանմամբ։