Հայերեն   English   Русский  

ՀՀ վարչապետը նման հոդվածները ներկայացնում է որպես Հայաստանի տնտեսական վիճակի մասին տվյալ պարբերաթերթի հեղինակային տեսակետը, գնահատականն ու վերլուծությունը, ինչն իրականության չի համապատասխանում:


Ռոբերտ Մարկարյան,ՖԲ գրառում


  
դիտումներ: 691

Կրկին չէի փորձի անդրադառնալ Հայաստանում տնտեսական զարգացման մասին «TIME» շաբաթաթերթին վերագրվող գնահատականին, եթե «Տեղեկատվության ստուգման կենտրոն»-ն իր պարզաբանմամբ առավել չբարդացներ առանց այն էլ խճճված կծիկը (https://infocheck.am/am/posts/245…):

Այս գրառմանը կից կարելի է գտնել ԱՄՆ-ում դեկտ.24-ին վաճառքի հանված «TIME» շաբաթաթերթի տարեվերջյան բացառիկ համարը (դեկտ. 23/դեկտ. 30) որտեղ տեղադրված պիտի լիներ այն հոդվածը որին օրեր առաջ ակնարկ էր կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«TIME» շաբաթաթերթի տարեվերջյան համարի 19-րդ և 20-րդ էջերում, որտեղ ըստ «Տեղեկատվության ստուգման կենտրոն»-ի տեղադրված պիտի լինեին հիշյալ հոդվածն ու մյուս երկու գովազդային նյութերը, կարելի է գտնել լրիվորեն այլ բովանդակությամբ գովազդներ:

Ի դեպ, «TIME» շաբաթաթերթի բջջային հեռախոսների ու պլանշետների համար նախատեսված համակարգչային հավելվածում, որտեղ բաժանորդներին հնարավորություն է տրվում կարդալ տպագիր օրինակի pdf տարբերակները, բացակայում են հիշյալ երկու էջերը: Իրավիճակը նույնն է նաև դեկտ. 16-ի համարի դեպքում, որի 19-րդ և 20-րդ էջերում այլ բովանդակությամբ նյութեր են տեղադրված:

Սա ունի պարզ մի բացատրություն: Նկատի առնելով իր բաժանորդների աշխարհագրությունը «TIME» շաբաթաթերթը տարբեր տեսակի ու բովանդակությամբ գովազդային նյութեր է պատրաստում: Այլ խոսքով այն հոդվածներից բացի, որոնք կրում են պարբերաթերթի հեղինակների ստորագրությունները, արտահայտում են պարբերաթերթի պաշտոնական տեսակետները և նույնությամբ հրապարակվում են տարբեր տարածաշրջանների համար, «TIME»-ում գոյություն ունեն էջեր, որոնք գովազդային բնույթ կրելով հարմարեցվում են բաժանորդների գտնված վայրի հետաքրքրություններին: Վերջին խմբում են տեղավորվում Հայաստանի մասին երկու էջերը:

«Տեղեկատվության ստուգման կենտրոն»-ը նաև հրապարակել է հիշյալ երկու էջերի պատկերները: Էջերի ներքևի բաժնում նկատվում է ինտերնետային կայքի հասցե՝ www.time.com/adsections, ինչից արդեն կարելի է եզրակացնել, որ հիշյալ երկու էջերը պատկանում են գովազդային բաժնին: Հակառակ սպասվածին, հիշյալ հասցեն ընթերցողին ուղղորդում է դեպի մի կայքէջ, ինչը որևէ առնչություն չունի «TIME» շաբաթաթերթի հետ: Հիշյալ կայքում տեղադրված են «The intelligent investor» գործակալության միջոցով տարբեր պարբերաթերթերի, այդ թվում նաև «TIME» շաբաթաթերթի համար պատրաստված գովազդային բովանդակությամբ նմանատիպ բազմաթիվ հոդվածներ:

Միևնույն ժամանակ «Տեղեկատվության ստուգման կենտրոն»-ը տեղեկացնում է, որ հիշյալ հոդվածը հրապարակվել է դեկտ. 14-ի համարում, մինչդեռ տեղադրված շապիկի էջը պատկանում է «TIME» շաբաթաթերթի տարեվերջյան համարին, որը հրապարակվել ու վաճառքի է հանվել դեկտ. 23-ին, իսկ բաժանորդների համար առաքվել է մի քանի օր ավելի շուտ, բայց հաստատ ոչ դեկտ. 14-ին:

Նաև անպատասխան է մնում հիշյալ հոդվածի համար ընտրված «Հայաստան՝ Կովկասյան Վագր» խորագրի 2007 թվականին Հայաստանում տնտեսական զարգացման մասին Համաշխարհային բանկի կողմից հրապարակված աշխատասիրության խորագրի հետ նմանության առեղծվածը:

Վերջում պիտի հավելեմ, որ ներդրումներ ներգրավելու համար աշխարհի հեղինակավոր ԶԼՄ-ներում գովազդային բովանդակությամբ նյութեր հրապարակելու և նույնիսկ այդ նպատակով հատուկ բյուջե հատկացնելու մեջ ոչ միայն վատ բան գոյություն չունի, այլ նմանատիպ գովազդները բիզնեսի բաղադրիչ տարրերից են:

Եթե չեմ սխալվում նախորդ կառավարությունների ու նաև ներկա իշխանությունների օրոք նման այլ հրապարակումներ եղել են ու որևէ դեպքում քննադատության չեն արժանացել: Վատն այն է, որ հասարակությանը մոլորեցնելու նպատակով ՀՀ վարչապետը նման հոդվածները ներկայացնում է որպես Հայաստանի տնտեսական վիճակի մասին տվյալ պարբերաթերթի հեղինակային տեսակետը, գնահատականն ու վերլուծությունը, ինչն իրականության չի համապատասխանում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: