ՀՀ գլխավոր դատախազը հանդիպել է նախորդ տարվա ընթացքում զավակներ ունեցած՝ դատախազության համակարգի աշխատակիցներին
Շնորհավորելով բոլորին այդ ամենակարևոր ձեռքբերման՝ ընտանեկան համալրման համար՝ ՀՀ գլխավոր դատախազն ուրախությամբ արձանագրել է, որ այս տարի համակարգի աշխատակիցների ընտանիքներում ծնված երեխաների թիվն աճել է և հույս է հայտնել, որ այս միտումները կշարունակվեն գալիք տարվա ընթացքում:
Գլխավոր դատախազը նշել է որ նման համալրումը կարևորում է երկու հիմնական պատճառով. նախ՝ որովհետև բխում է մեր երկրում բնակչության թվաքանակի ավելացման ռազմավարական անհրաժեշտությունից և երկրորդ՝ ընտանիքում երեխաների ծնվելը ամենամեծ խթանն է մարդու համար իրենց զավակների անհոգ և անվտանգ մանկության, պայծառ ապագայի ապահովման համար, աշխատանքային գործունեությանը, ծառայողական պարտականությունների կատարմանն առավել մեծ պատվախնդրությամբ, եռանդով ու նվիրվածությամբ մոտենալու, սեփական հողին կառչած մնալու և ամենակարևորը՝ ճիշտ դաստիարակությամբ երեխաներից պետական մտածողությամբ օժտված քաղաքացիներ կերտելու համար:
Արթուր Դավթյանը հորդորեց չբավարարվել ձեռք բերածով, մտածել այն ուղղությամբ, որպեսզի ընտանիքներում, հատկապես՝ նորաստեղծ և երիտասարդ, երեխաների ճիչն ու աղաղակը տևական լինեն: Նաև այդ հանգամանքով պայմանավորված՝ տարվա ընթացքում զավակներ ունեցած բոլոր աշխատակիցները ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ ՀՀ դատախազության խնայված միջոցներից արժանացել են դրամական խրախուսանքի:
Բոլորին շնորհավորելով գալիք տոների կապակցությամբ՝ Արթուր Դավթյանը երեխաներին առողջություն ու հեքիաթային տոնական օրեր, իսկ ծնողներին՝ ընտանեկան մշտարթուն ջերմություն, սեր և ներդաշնակություն մաղթեց: