Արտակ Բեգլարյանը չհայտարարված այց է կատարել հոգեթմրաբանական դիսպանսեր
Պաշտպանը ծանոթացել է հաստատության պայմաններին, հոգեկան խանգարումներով տառապող անձանց բուժման ու խնամքի առանձնահատկություններին և նրանց իրավունքների պաշտպանությանն առնչվող այլ պայմանների: Նա հատուկ ուշադրություն է դարձրել հոգեկան խանգարումներ ունեցող անձանց հանդեպ վերաբերմունքին, նրանց ընդունելու և պահելու ռեժիմներին ու ընթացակարգերին, արտաքին աշխարհի հետ հաղորդակցության իրավունքի և մի շարք այլ իրավունքների իրացման հարցերին:
Ա. Բեգլարյանն ընդգծել է, որ հաշվի առնելով հոգեկան խանգարումներ ունեցող անձանց կողմից իրենց սեփական իրավունքների պաշտպանությունն ապահովելու անհնարինությունը՝ խիստ կարևոր է, որ նրանց հիմնախնդիրները լինեն պետության և հասարակության հատուկ հոգածության ներքո: Պաշտպանը մտահոգություն է հայտնել առկա ոչ բարվոք շենքային պայմանների առթիվ՝ շեշտադրելով, որ դրանք հաստատությունում պահվող անձանց իրավունքների խախտման տեսանելի պատճառներից են: Ուստի, նա կարևորել է, որ Կառավարությունը հնարավորինս սեղմ ժամկետներում զբաղվի հոգեթմրաբանական դիսպանսերի շենքային պայմանների հիմնային բարելավման հարցով:
Պաշտպանը որոշ այլ խնդիրներ է արձանագրել շրջայցի և տնօրինության հետ քննարկման արդյունքում:
Պաշտպանը, վերհանված հիմնախնդիրների լուծման նպատակով, իր լիազորությունների շրջանակներում համապատասխան առաջարկներ է ներկայացնելու պետական լիազոր մարմիններին: