Հայերեն   English   Русский  

Ավագանին հաստատեց Երևանի 2020թ. բյուջեն


  
դիտումներ: 773

Ավագանին քննարկել և քվեարկությամբ հաստատել է Երևանի 2020թ. բյուջեն: Համաձայն որոշման, բյուջեի եկամուտների ընդհանուր գումարը ծրագրվել 107,146,776.0 հազ. դրամի չափով` 2019թ. բյուջեով ի սկզբանե հաստատված 83,077,572.1 հազ. դրամի դիմաց:

Ծրագրված եկամուտները գերազանցում են 2018թ. փաստացի հավաքագրված ընդհանուր եկամուտները 38,478,717.0 հազ. դրամով կամ 56.0 %-ով: Նախագծով նախատեսված եկամուտների ընդհանուր ծավալում սեփական եկամուտները կազմում են 27,020,249.6 հազ. դրամ՝ 2019թ. նախատեսվածից 3,079,373.9 հազ. դրամով ավելի, իսկ 2018թ. սեփական եկամուտների փաստացի կատարողականից՝ 5,615,152.8 հազ. դրամով կամ շուրջ 26.23%-ով ավելի:

2020թ. բյուջեի նախագծով ծախսերի ծավալը ծրագրվել է 116,259,587.5 հազ. դրամի չափով, որի ամբողջ ծավալի շուրջ 90.3%-ը կամ 104,969,085.3 հազ. դրամը բաժին է ընկնում ընթացիկ ծախսերին (վարչական բյուջե), իսկ պակասուրդը՝ նախատեսվում է 9,112,811.5 հազ. դրամի չափով:

Որոշման նախագիծը ներկայացնող Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը նշել է, որ բյուջեն կազմելիս հաշվի են առնվել Երևանի զարգացման 2019-2023թթ. հնգամյա ծրագրով նախատեսված գերակայություններն ու առկա հնարավորությունները, 2020թ. ծրագրի առաջնահերթությունները, 2019թ. ընթացքում իրականացված ծրագրերի հիմնական ուղղություններն ու դրանց կատարման արդյունավետությունը: Երևանի 2020թ. համար նախանշված ծրագրերի իրականացման հիմքում համաչափ և կայուն զարգացման սկզբունքն է և միտված է լինելու բարեկարգ, հարմարավետ և մատչելի միջավայր ձևավորելու շարունակականության ապահովմանը, քաղաքային ենթակառուցվածքների արդիականացմանը, բնակչության կենսական շահերի ապահովմանը։

Բյուջետի առանձին ծախսերի վերաբերյալ Երևանի ավագանու անդամներն իրենց հարցերն են ուղղել փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: