Ընդդիմությունը ԱԺ 7-րդ գումարման խորհրդարանում շատ ավելի ակտիվ է, քան եղել է նախորդ գումարման ԱԺ-ներում. Լիլիթ Մակունց
Հանդիպման ժամանակ խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նշեց, որ 7-րդ գումարման խորհրդարանում ընդդիմադիր պատգամավորների աշխատանքում մեծ ակտիվություն է նկատում՝ համեմատելով նախորդ գումարման խորհրդարանների ընդդիմադիրների աշխատանքի հետ:
«ԱԺ 5-րդ գումարման խորհրդարանը գործել է 2012-2017թթ, այդ 5 տարիների ընթացքում ընդունվել է 1422 օրենքի նախագիծ և որոշում: Ընդդիմադիր պատգամավորները նախաձեռնել կամ համահեղինակել են 35 նախագիծ: ԱԺ 6-րդ գումարման խորհրդարանը գործել է 2017-2019թթ, ընդունվել է 726 օրենքի նախագիծ և որոշում, ընդդիմադիր պատգամավորները 1.5 տարվա ընթացքում նախաձեռնել կամ համահեղինակել են 9 նախագիծ: ԱԺ 7-րդ գումարման խորհրդարանում մինչև այժմ՝ այսինքն 1 տարվա կտրվածքով ընդունվել է 367 օրենքի նախագիծ և որոշում, ընդդիմադիր պատգամավորները նախաձեռնել կամ համահեղինակել են 30 նախագիծ: Համեմատելով վերոնշյալ տվյալները՝ ակնհայտ է դառնում, որ ընդդիմությունը ԱԺ 7-րդ գումարման խորհրդարանում շատ ավելի ակտիվ է, քան եղել է նախորդ գումարման ԱԺ-ներում»,-ասաց Մակունցը:
Մակունցը նաև հատկանշական համարեց այն, որ 7-րդ գումարման ԱԺ-ում առաջինը քննարկել և ընդունվել է ընդդիմության կողմից ներկայացված օրենքի նախագիծը: