Այս ամենի նպատակը Հրայր Թովմասյանին որևէ կերպ մեկուսացնելն է. Դավիթ Հարությունյան
Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը, ով նույնպես ակցիայի մասնակիցների թվում է, ասաց, որ յուրաքանչյուր մարդու կարելի է հարցաքննել որպես վկա, բայց երբ նայես ողջ պատկեր մեջ, ապա ակներև է դառնում, որ սա բեմականացման արարներից մեկն է և նպատակը այն է, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին որևէ կերպ մեկուսացնեն:
Խոսելով աղմկահարույց նախագծի մասին, որով ՍԴ անդամ-դատավորներին առաջարկվում է վաղ կենսաթոշակ՝ աշխատանքը լքելու համար՝ Հարությունյանն ասաց, որ կարծես դա անպարկեշտ առաջարկություն է:
«Ակնկալում եմ, որ այդ անպարկեշտ առաջարկությունը ՍԴ 7 դատավորներից որևէ մեկը չի ընդունի: Ճանաչելով 7-ին էլ՝ վստահ եմ, որ ոչ ոք չի ընդունի, որովհետև նրանք ավելի լուրջ և իրենց շատ ավելի բարձր գնահատող մարդիկ են»,- շեշտեց նա:
Ըստ նրա՝ բնական է, որ այս պարագայում պետք է ձեռնարկվեին միջոցներ. «Հիմա դա արվում է ՍԴ նախագահի նկատմամբ, հետագայում փորձեր կանեն նմանատիպ քայլեր ձեռնարկել մյուս ՍԴ անդամների վրա»,- ասաց նա և հավելեց, որ կասկած չունի, որ ՀՔԾ-ի այս հարցաքննությունն ուղղված է Հրայր Թովմասյանից ազատվելու քայլերին:Հարությունյանի խոսքով՝ առաջարկում են ոչ թե վաղ կենսաթոշակ, այլ՝ կաշառք. «Նրանց ասածը հետևյալն է՝ եթե դու, հարգելի դատավոր, շարունակես քո ծառայությունները մատուցել ՀՀ-ին, և տարիքդ լրանալուն պես դիմես կենսաթոշակի, կստանաս անհամեմատ քիչ, քան եթե այսօր դիմես կենսաթոշակի: Այսինքն առաջարկվող պայմանն այլևս կամավորության դեմ է, բացի այդ՝ սահմանափակված է երկամսյա ժամկետով»,- պարզաբանեց նա:
Նա ասաց, որ պետք է բաց աչքերով նայել կատարվող գործընթացին: «Արդյո՞ք կգտնվի մեկ սթափ մարդ, որ կասի՝ այս օրենքը հիմնված է կամավորության սկզբունքի վրա: Այն, ինչ մենք այստեղ տեսնում ենք, «կամավորության» շարունակությունն է: Իսկ նրանց ուզածը մեկն է՝ երկրում լինի ամբողջովին վերահսկելի Սահմանադրական դատարան»,- ասաց նա:
Հարցին՝ որպես վկայի կարգավիճակում այս հարցաքննության հետ կապված խնդիր տեսնո՞ւմ է, նա պատասխանեց. «Յուրաքանչյուր մարդու կարելի է հարցաքննել որպես վկա, բայց երբ դու նայես ամբողջ պատկերը, ապա ակներև է դառնում ,որ սա բեմականացման արարներից մեկն է: Ես կարծում եմ՝ նպատակը այն է, որ Հրայր Թովմասյանին մեկուսացնեն որևէ ձևով: Ակներև է դառնում, որ մեզ մոտ քրեական գործերի հարուցման պահանջները կտրուկ նվազել են. որևէ մեկ անձի ցուցմունքով կարելի է սկսել քրեական հետապնդում: Արա Բաբլոյանի օրինակը վառ օրինակ է, բայց կարող եմ թվարկել բազմաթիվ այլ գործեր: Բացի այդ ցանկանում են ճնշում գործադրել դատարանի այլ անդամների վրա՝ հակելով նրանց ընդունել այդ անպարկեշտ առաջարկությունը»: