Հայերեն   English   Русский  

Փաստն այն է, որ իշխող քաղաքական ուժն այսօր ՍԴ-ի նկատմամբ վերահսկողություն չունի, և ուզում է հաստատել այն. Ռուբեն Մելիքյան


  
դիտումներ: 295

Այսօր՝ դեկտեմբերի 27-ին, ՀՔԾ աշխատակիցները հարցաքննում են Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին: ՍԴ-ի շենքի առաջ հավաքվել են իրավաբաններ, քաղաքական գործիչներ, Թովմասյանի աջակիցները՝ ի պաշտպանություն ՍԴ նախագահի ու սահմանադրական կարգի պահպանման:

«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը, ով նույնպես ակցիայի մասնակիցների թվում է, ասաց, որ երեկ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից Սահմանադրական դատարանի անդամների՝ վաղ կենսաթոշակի անցնելու մասին օրենքի ստորագրումից հետո վերսկսվեցին ՍԴ-ի նկատմամբ ճնշումները:

«Ես մեր՝ այստեղ գտնվելու անունը կդնեի ոչ թե ակցիա, այլ՝ ներկայություն, որն այս պահին շատ կարևոր է, որովհետև երեկ անթույլատրելի իրադարձություններ տեղի ունեցան մեր երկրում՝ տխրահռչակ օրենքը ստորագրելուց հետո: Փաստն այն է, որ իշխող քաղաքական ուժն այսօր ՍԴ-ի նկատմամբ վերահսկողություն չունի, և ուզում է հաստատել այն: Իշխանությունը՝ «Իմ քայլը» դաշինքը, չի ապացուցել հանրությանը, որ ունի բավարար հասունություն՝ ձևավորելու իրենից անկախ, չեզոք ՍԴ: Հիշենք ՍԴ համալրման քաղաքականությունն իշխող քաղաքական ուժի կողմից, մասնավորապես, դատավոր Վահե Գրիգորյանի մասով, և մենք կարող ենք ասել, որ դա հաջող փորձ չէր, որովհետև Վահե Գրիգորյանն արդեն մեկ տարի է՝ որևէ օգուտ չի տվել ՍԴ-ին և մեր իրավաբանությանը: Այնուհետև՝ ինքնահռչակման՝ ոչ իրավական երևույթն առաջացավ, ՍԴ անդամ-դատավոր տեսությունը սեղանին դրվեց, որը բոլոր կողմերից հերքվեց»,-ասաց Մելիքյանը:

Վերջինիս կարծիքով՝ ՍԴ հանդեպ ճնշումների վերսկսման նպատակն այն է, որ ՍԴ անդամները որոշեն օգտվել օրենքի տված հնարավորությունից՝ անցնելով վաղ կենսաթոշակի: Սա հատկապես իրավաբանների համար է անընդունելի, որովհետև ուղղակի հարված է իրավական պետության հիմքերին:

Նրա խոսքով՝ պատահականություն չէ, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին որոշեցին հարցաքննել հենց օրենքի ստորագրումից հետո. «Այդ հարցաքննությունը երկու օր, երեք օր առաջ հնարավոր չէ՞ր իրականացնել, ինչպե՞ս եղավ, որ անմիջապես օրենքը ստորագրելուց հետո առաջացավ դրա անհրաժեշտությունը: Պատճառական կապի հիմնավորման կարիք էլ չկա»,-ասաց Մելիքյանը՝ նշելով նաև, թե բոլոր այն իրադարձությունները, որ տեղի են ունենում ՍԴ-ի շուրջ, պատճառական կապով պայմանավորված են:

Հիշեցնենք՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն այս պահին հարցաքննվում է, իսկ ՍԴ դատարանի բակում հավաքվել են մի խումբ մարդիկ՝ աջակցելու ՍԴ նախագահին։ Նշենք, որ դեռևս պարզ չէ՝ ինչ գործի շրջանակում է հարցաքննվում ՍԴ նախագահը։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: