Նախկին Սահմանադրությամբ անձեռնմխելիությունն ամբողջությամբ տարածվում է Հրայր Թովմասյանի վրա. Արսեն Բաբայան
Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 27-ին, ՍԴ-ի դիմաց ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը:
Նրա խոսքով, եթե չեն պահպանվել այս խնդիրները, մենք ավելի մեծ խնդիրներ կունենանք ՀՀ- համար:
Հարցին, թե եթե հարցը վերաբերի Հրայր Թովմասյանի ՍԴ դատավոր դառնալուց առաջ գործունեությանը, կրկին այստեղ անձեռնմխելիության խնդիր կա՞, Բաբայանը պատասխանեց. «Այդ մասին սահմանադրագետները շատ են խոսել: Ես էլ որպես իրավաբան այն համոզման եմ, որ նախկին Սահմանադրությամբ նախատեսված անձեռնմխելիությունն ամբողջությամբ տարածվում է այն դատավորների նկատմամբ, որոնք այդ Սահմանադրությամբ են ընտրվել: Հետեւաբար, այո, ՍԴ այդ դատավորները եւ նախագահը, այո, ունեն բացարձակ անձեռնմխելիություն: Իրավական առումով ոչինչ չի պահանջվում, քան ուղղակի ընթացակարգի համաձայն դիմել ՍԴ եւ ստանալ այդ թույլտվությունը: Եթե իրենց գործողություններն իսկապես օրինական են, ապա ՍԴ-ն կտա այդ թույլտվությունը: Բայց կարծում եմ, որ իրենք էլ համզված են, որ այդ գործողություններն ամբողջությամբ ապօրինի են, դրա համար ամեն ինչ կանեն, որ ՍԴ-ին չդիմեն»:
Նա պնդեց, որ այս ամենը կապված է ՀՀ նախագահի կողմից երեկ ստորագրված օրենքի հետ, որը ՍԴ անդամներին վաղաժամ կենսաթոշակի գնալու հնարավորություն է տալիս. «Օրենքի ստորագրումից ամիջապես հետո ՀՔԾ-ն մտնում է ՍԴ, օրենքի ստորագրումից անմիջապես հետո Հրայր Թովմասյանի սանիկի նկատմամբ մեղադրանքի փոփոխություն է լինում եւ նրան նորից կալանավորման են ներկայացնում դատարան: Սա ակնհայտ է եւ իշխանությունը չի էլ թաքցնում: Ձեւական կարող էին սպասել 1-2 օր, որ այդ համոզմունքը չլինել ոչ մեկի մոտ: Այո, իշխանությունը փորձում է ստիպել, որ կամավոր թոշակի գնան ՍԴ անդամները»:
Հարցին, մտավախություն չունի՞, որ իր նմատմամբ եւս կարող են նոր գործողություններ, զարգացումներ լինել, Արսեն Բաբայանը պատասխանեց. «Կարող է լինեռլ այդպիսի բան, որովհետեւ իմ անցած ճանապարհը ցույց տվեց, որ այս իշխանությունից պետք է է սպասել ամեն ինչ: Մի հատ էլ կտանեն, թող տանեն»:
Նշենք, որ ՍԴ-ում ՀՔԾ ներկայացուցիչները հարցաքննել են ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին, որից հետո նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ): Խոսքը նույն քրեական գործի մասին է, որով մեղադրանք էր առաջադրվել Թովմասյանի սանիկին՝ Նորայր Փանոսյանին։
Միաժամանակ, ՍԴ-ի բակում ընթանում է բողոքի ակցիա։ Այնտեղ են քաղաքական գործիչներ եւ իրավաբաններ։
Հիշեցնենք, որ երեկ՝ դեկտեմբերի 26-ին, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին, «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքների փաթեթը՝ ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու մասին։ Դրանից անմիջապես հետո ՀՔԾ քննիչները գնացել էին ՍԴ, սակայն պարզ չէ, թե ինչ նպատակով։
Ավելի ուշ տեղեկություն էր ստացվել, որ ՀՔԾ-ն եւս մեկ դրվագով լրացրել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանին առաջադրված մեղադրանքը եւ այդ հիմնավորմամբ կրկին դիմել դատարան՝ Փանոսյանին կրկին կալանավորելու համար։