Հայերեն   English   Русский  

Աշտարակի գերեզմանատանը հնչել են կրակոցներ, 52-ամյա քաղաքացին մահացել է, մեկ այլ քաղաքացի հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. Shamshyan.com


  
դիտումներ: 593

Այսօր Արագածոտնի մարզում, ժամը 11:15-ի սահմաններում ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի Աշտարակի քաղաքային գերեզմանոցում կրակոցներ են հնչել: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են Աշտարակ քաղաքի Լինչի փողոցի բնակիչ, 52-ամյա Սամվել Պապյանի դին, իսկ նշված վայրից Աշտարակի բժշկական կենտրոն է տեղափոխվել «ձախ ազդոսկրի դիստալ մետաէպիֆիզի, ձախ ոլոքի պարոքսիմալ մետաէպիֆիզի ներհոդային բաց հրազենային կոտրված» վնասվածքով Աշտարակ քաղաքի Շիրազի փողոցի բնակիչ, 34-ամյա Հակոբ Փայամջյանը:

Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են «ՏՈԶ-34» տիպի 12 մմ տրամաչափի որսորդական ողորկափող հրացան, որի վրա հայտնաբերվել են արնանման հետքեր:

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ասել են. «Սպանվածն ու վիրավորը բարեկամներ են: Սպանվածը Աշտարակում հայտնի է «Պլոտնիկ Հակոբ» մականվամբ, վիրավորը աշխատում է Աշտարակում գործող «Լիլի Դենտ» ՍՊԸ-ում՝ որպես ատամնաբույժ և, ըստ նախնական տեղեկությունների, գումարային հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Ս. Պապյանը 2 անգամ կրակոցներ է արձակել Հ. Փայամջյանի ուղղությամբ, որից հետո նույն հրացանով ինքնասպան է եղել:

Դեպքի վայրում հայտնաբերվել է նաև մահացածին պատկանող ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենան:

Քննիչի որոշմամբ ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Կայքի տեղեկություններով՝ վիրավորը «Աշտարակ» բժշկական կենտրոնում առաջին բուժօգնությունը ստանալուց հետո տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: