Հայերեն   English   Русский  

Խնդրում ու առաջարկում եմ Տիգրան Ավինյանին, որ իմ հայտարարությունների վերաբերյալ հարցերը հաջորդ անգամ փորձի շրջանցել...


Սարհատ Պետրոսյան,ՖԲ գրառում


  
դիտումներ: 918

Տիգրան Ավինյանն «Ազատություն» ռադիոկայանի դեկտեմբերի 28-ի հարցազրույցում հերթական անգամ անդրադարձել է նույն ռադիոկայանում իմ հնչեցրած մտքերին՝

մեկ անգամ ևս նշելով, թե իմ ասածներն իրականությանը չեն համապատասխանում։ Քանի որ նա անկեղծացել է ու ընդունել այն փաստը, որ ես իրեն այդ ամենը ներկայացրել էի նախապես, ես էլ անկեղծանալով կասեմ ավելին. երբ հերթական անգամ Ավետիք Էլոյանին ասացի, որ նախագծմամբ նրա զբաղվելն անընդունելի է, նա պատասխանեց, որ Ավինյանը տեղյակ է ու խնդիր չի տեսնում։

Սա ուղղակի ֆիքսենք ապագայի համար։

Խնդրում ու առաջարկում եմ Տիգրան Ավինյանին, որ իմ հայտարարությունների վերաբերյալ հարցերը հաջորդ անգամ փորձի շրջանցել, քանի որ ամեն անգամ անհոդաբաշխ մտքեր արտահայտելով պարտավորեցնում է մի քիչ էլ բացել մեր բնագավառի խայտառակ վիճակը, որում ինքն իր շատ մեծ մեղքի բաժինն ունի։

Ինչ վերաբերում է իմ հայտարարության հիման վրա (ոչ իմ կողմից ներկայացված) քրեական գործ հարուցելը մերժելուն, ավելացնեմ, որ այսօր հարուցվող բազմաթիվ քրեական գործեր նույնկերպ կկարճվեին կամ նրանցում հանցակազմ չէին գտնի մի քանի տարի առաջ։ Բայց հավատացնում եմ՝ անկախ նրանից, թե ում մասին է խոսքը, փոխվարչապետի, թե՞ փոխվարչապետի խորհրդականի, երբ որ հեռուստատեսությամբ վերջինս հայտարարում է, թե դա իր բիզնեսը չէ, այլ իր ընտանիքի մեկ այլ անդամինը, ու այդ բիզնեսն իր պաշտոնավարման շրջանում ծաղկում ու բարգավաճում է, ապա եթե այդ պահին գոնե իրավական հետևանք չի ունենում, ապա բարոյական հետք թողնում է. վկան՝ այն բազմաթիվ չինովնիկները, որոնք նույն օրինակը բերելով կողքից «գործ են կպցնելու»։ Իսկ իրավական մասով ուղղակի պետք է տեսնել հիմա, թե ինչ է կատարվում բազմաթիվ նախկին պաշտոնյաների հետ ու հետևություն անել։

Ի դեպ, այդ պրոցեսում ինքը դեռ չի կանչվել բացատրություն տալու, այնպես որ, դեռ ամեն ինչ առջևում է։

Տիգրան Ավինյանը նաև իմ պնդումները տանում է դեպի ինչ-որ անձնական հարթություն, իբր Քաղաքաշինության կոմիտեի նախկին ու ներկա ղեկավարների հետ անձնական խնդիրներ ունեմ։ Երևի քաղաքական թիմին էլ են այդպես են համոզել, այն դեպքում երբ բազմաթիվ խորքային խնդիրների մասին եմ բարձրաձայնել անընդհատ։ Ուստի մի քանի հարցադրում ներկայացնեմ միգուցե պատասխանատուներին ու միգուցե հենց Ավինյանին, որպես մի քանի ոլորտների բարեփոխման համար պատասխանատու պաշտոնյայի, խորհելու առիթ տա.

1. Հարցազրույցի ընթացքում արծարծված՝ շինթույլտվությունների առցանց համակարգը՝ E-permits-ը, համաձայն կառավարության որոշման, պետք է աշխատեր 2019 թվականի նոյեմբերից, իսկ հիմա խոստանում ենք, որ՝ երկու տարի հետո։ Իսկ հիշո՞ւմ է, որ ես նախագծի քննարկման ժամանակ ասում էի, որ ներկա կարգավորումներով դա հնարավոր չէ, և որ Կադաստրի սպասարկման գրասենյակների ցանցի օգտագործմամբ է միայն հնարավոր կենտրոնացված համակարգ ունենալ, թե՞ դա ևս անձնական կոնֆլիկտի արդյունք էր, այն դեպքում, երբ այս առաջարկն անելիս Քաղաքաշինության կոմիտեն նույնիսկ ղեկավար չուներ։

2. 2018 թվականի վերջին Ավետիք Էլոյանի նախաձեռնությամբ պետական համալիր փորձաքննության ինստիտուտի ներդրման ժամանակ ասում էի, որ դա սխալ որոշում է, և որ անկախ դաշտին հանձնված գործառույթը չի կարելի բերել պետական մարմիններից բաղկացած անհասկանալի միջգերատեսչական հանձնաժողով։ Իսկ հիմա քանի՞ կառուցապատող է բողոքել այդ ինստիտուտի անիմաստ լինելուց, ու դա ինչքանո՞վ է խանգարում շինթույլտվությունների տրամադրմանը։ Կամ առհասարակ այս հանձնաժողովում ոլորտի տիրապետող մի կոնստրուկտորից ու ճարտարապետից էլ ո՞վ է բարձրացնում սկզբունքային խնդիրներ։

3. Գյուղատնտեսական հողերը կառուցապատման տակ չդնելու իմ բազմաթիվ կոչերին անսալով`տարբեր մարմինների հանձնարարելով լուծում գտնելն ի՞նչ եղավ։ Վերջին վեց ամիսը հեզուխոնարհ սպասելով Քաղաքաշինության կոմիտեի «նոր հողային օրենսգրքին», ո՞ւր հասանք։ Ի դեպ, դա չգտա նաև քաղաքաշինության բնագավառի զարգացման օրերս հրապարակված ռազմավարությունում։ Կարող է՝ դրանո՞վ էլ է զբաղվելու փոխվարչապետի գրասենյակը։

4. Առաջարկում եմ նաև քննարկել թե քանի դեպք է եղել, երբ Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական ու հուշարձանների գիտամեթոդական խորհուրդներ կառուցապատման ինչ-ինչ նախագծի վերաբերյալ տվել են բացասական կարծիք, հետո իր գրասենյակը փորձել է միջմատել՝ այն դրական դարձնելու համար։

Այս ցանկը կարելի է շարունակել, բայց կարծում եմ այս պահին այսքանով բավարարվենք…

Հ.Գ.-Ճակատագրի հեգնանքով, նույն օրը վարչապետի մոտ անշարժ գույքի հարկի վերաբերյալ խորհրհրդակցության տեղեկատվությունը տարածվեց։ Նշեմ, որ այս աշխատանքը կատարվել է Կադաստրի կոմիտեում, ու կարող է համարվել այս կառավարության ամենակարևոր ձեռքբերումներից մեկը։ Իսկ գիտե՞ք, թե ինչու է դա, ի տարբերություն վերը նշած բոլոր կետերի, ժամանակին կատարվել կամ կատարվել առհասարակ։ Դուք ճիշտ կռահեցիք, այդ բարեփոխումը համարվել է հարկային բարեփոխման մաս, ու ես աշխատել եմ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ և, ինչպես տեսնում եք՝ բավական արդյունավետ։

#ՈչինչՄյուսԱնգամ





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: