Հայերեն   English   Русский  

Կարող է պատահել, որ ՀՀ վարչապետն այսօր նման ուղերձ հղի, սակայն անշուշտ դա չի ունենալու այն նշանակությունն ու ազդեցությունը


Ռոբերտ Մարկարյան,ՖԲ գրառում


  
դիտումներ: 881

Երեկ ամբողջ օրը չգրեցի, սպասելով ու հույս փայփայելով որ ՀՀ վարչապետն անդրադառնալով Իրանի շուրջ վերջին զարգացումներին, որպես դիվանագիտական քաղաքավարության նշան առնվազն վշտակցություն կհայտնի հարևան ու բարեկամ երկիր Իրանի կրած կորստի կապակցությամբ:

Կարող է պատահել, որ ՀՀ վարչապետն այսօր նման ուղերձ հղի, սակայն անշուշտ դա չի ունենալու այն նշանակությունն ու ազդեցությունը, որ կարող էր ունենալ եթե դա հրապարակված լիներ՝ երեկ, առանց հապաղումի:

Իրանցի զորավար Ղասեմ Սոլեյմանիի մասին շատ գրվեց: Նրա գործունեությանը չի կարելի միանշանակ գնահատական տալ: Բոլորը գիտեն, որ վերջին տարիներին տարածաշրջանի տարբեր երկրներում ԱՄՆ-ի ու Իսրայելի շահերին հասցված հարվածների թիկունքում կանգնած է եղել նրա գլխավորած Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» ստորաբաժանումը:

Այդ հարվածների հետևանքով անշուշտ եղել են նաև մարդկային կորուստներ: Նույն ստորաբաժանման վերահսկողության տակ են աշխատում տարածաշրջանում շիա զինյալ տարբեր խմբերը՝ սկսած Լիբանանի «Հեզբոլլահ»-ից, մինչև Իրաքի «Հաշդ-ալ-Շաըբի»-ն ու Եմենի «Անսարոլլահ»-ը: Բայց միևնույն ժամանակ չպիտի անտեսել ու շրջանցել այն խոշոր դերակատարությունը, որ նա ունեցել է Իրաքում ու Սիրիայում ԻԼԻՊ-ին (իսլամական պետությանը) և այլ ծայրահեղական խմբերին պարտության մատնելու հարցում:

Վերջին տարիների ընթացքում նրա գլխավորած ստորաբաժանումը Սիրիայում ու Իրաքում ակտիվ պայքար է մղել այն խմբավորումների դեմ, որոնք մի քանի տարի շարունակ վտանգել էին տեղի նաև հայկական համայնքների կյանքը, այն խմբավորումների դեմ, որոնք գլխատում էին քրիստոնյաներին, պայթեցնում էին հայկական եկեղեցիները (այդ թվում Տեր Զորի «Սրբոց Նահատակաց» եկեղեցին), ռմբակոծում էին Հալեպի, Ղամիշլիի և Իրաքի ու Սիրիայի տարբեր քաղաքների հայաբնակ թաղերը: Զորավար Սոլեյմանիի գործունեության գոնե հենց այս հատվածն անհրաժեշտ է դարձնում նրա սպանության կապակցությամբ ՀՀ վարչապետի համապատասխան արձագանքը:

Մինչ այս պահը երբ դեպքից շուրջ 24 ժամեր են անցնում Հայաստանի պաշտոնական արձագանքը սահմանափակված է եղել ՀՀ ԱԳ նախարարության մեկ հայտարարությամբ և ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի մասնակցությամբ տարածաշրջանում հավատարմագրված Հայաստանի դեսպանների հետ խորհրդակցական նիստով, այն էլ ոչ թե բուն իրադարձությանն արձագանքելու, այլ տարածաշրջանում զարգացումները քննարկելու թեմայով:

Ինչ վերաբերում է ՀՀ ԱԳ նախարարության հայտարարությանը (որը վերաբերում է ոչ թե հարևան երկրի զինվորական ամենահեղինակավոր պաշտոնատարի դեմ իրականացված գործողությանը, այլ «Բաղդադում տեղի ունեցած զարգացումներին»), դա կարելի է ոչ թե Հայաստանի չեզոքության, այլ արտաքին քաղաքականության բնագավառում համարձակության բացակայության արդյունքում պասիվության արտահայտություն համարել:
Առանց վշտակցության ու զորակցության արտահայտության նման պասիվ հայտարարությամբ կարելի էր հանդես գալ որևէ երկրում տեղի ունեցած իրադարձության կապակցությամբ, բայց ոչ այն հարևան երկրի, որի հետ սահմանն այս պահին Հայաստանի երկու միակ բաց (կամ Նիկոլ Փաշինյանի բնութագրմամբ կիսաբաց) սահմաններից մեկն է ու ի դեպ, ամենավստահելին:

Վերջում կարևոր եմ համարում ընդգծել, որ հարևան ու բարեկամ երկրի զինվորական ամենահեղինակավոր դեմքի կորստի կապակցությամբ վշտակցություն հայտնելն անհրաժեշտաբար նրա գործունեության բոլոր դրվագները հաստատելու իմաստով չէ, բայց այդ կապակցությամբ լռելն ու դրան չարձագանքելն անկասկած համարվելու է ԱՄՆ-ի կողմից իրականացված քայլի հաստատում, ինչը ոչ միայն փաստորեն անիմաստ է դարձնում Հայաստանի չեզոքությունը, այլև Հայաստանի գործող իշխանությունների հանդեպ բացասական տպավորություն է ստեղծելու Իրանի ղեկավարության մոտ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: