Հայերեն   English   Русский  

​Իտալիայում հարբած վարորդը վրաերթի է ենթարկել գերմանացի զբոսաշրջիկների խմբին


  
դիտումներ: 600

Վեց զբոսաշրջիկ Գերմանիայից զոհվել է, 11-ը տուժել են, երբ վարորդը, ենթադրաբար ոգելից խմիչքի ազդեցության տակ, մեծ արագությամբ բախվել է իրենց Լուգատոյում՝ Իտալիայի և Ավստրիայի սահմանի մոտ: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ հղում անելով Local Italy կայքէջին:

Լուգատոն հանրահայտ լեռնադահուկային առողջարան է, գտնվում է Իտալիայի հյուսիսում՝ հիմնականում գերմանալեզու Հարավային Տիրոլի ինքնավար մարզում:

17 մարդկանց խումբը լույս կիրակի գիշերը ակումբից դուրս գալուց հետո սպասում էր զբոսաշրջային ավտոբուսին: Տեղի ժամանակով 01:15-ին նրանց խփել է մեքենան: 11 տուժածներից մեկին ուղղաթիռը հասցրել է Ինսբրուկ (Ավստրիա): Մնացածներին բժիշկական օգնություն է ցույց տրվել Իտալիայում:

Ըստ Corriere Della Sera թերթի տվյալների՝ վարորդը 28-ամյա տեղի բնակիչ է, ոստիկանները նրա արյան մեջ ալկոհոլի չափազանց բարձր մակարդակ են գրանցել:

Պատահարի վայր է ժամանել Իտալիայի փրկարար ծառայությունների 160 աշխատակից: Ոստիկանությունը դեռևս չի հայտնել զոհվածների անունները, քանի որ ոչ բոլոր զբոսաշրջիկներն են ճանաչում միմյանց, շատերն էլ իրենց մոտ անձնագիր չեն ունեցել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: