Իրանական կողմի նախաձեռնությամբ Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանը և Ջավադ Զարիֆը հեռախոսազրույց են ունեցել
Հունվարի 5-ին իրանական կողմի նախաձեռնությամբ Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանը և Ջավադ Զարիֆը հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։
«ԱԳ նախարարները քննարկեցին վերջին օրերին Բաղդադում մարդկային զոհերի հանգեցրած դեպքերի հետևանքով մերձավորարևելյան տարածաշրջանում ստեղծված իրավիճակը: Արտգործնախարար Մնացականյանը ՀՀ կառավարության անունից ցավակցություն հայտնեց Իրանի կառավարությանը և ժողովրդին՝ Իրանի բարձրաստիճան պաշտոնյայի վախճանի կապակցությամբ: ՀՀ Արտգործնախարար կարևորեց հետագա լարվածության կանխումը և խաղաղ միջոցներով իրադրության լիզքաթափումը»,- նշված է ԱԳՆ հայտարարության մեջ:
Զոհրաբ Մնացականյանն ընդգծել է, որ Հայաստանը պատրաստակամ է շարունակելու սերտ համագործությունն իր բոլոր գործընկերների հետ տարածաշրջանային կայունության և անվտանգության ուղղությամբ:
Հիշեցնենք` Իրանի և ԱՄՆ հարաբերությունները սրվել են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանությունից հետո։ Ղասեմ Սուլեյմանին սպանվել է հունվարի 3-ին Բաղդադում` հրթիռակոծության հետևանքով։ Նրա մարմինը տեղափոխվել է Իրան։ Գեներալին հրաժեշտ տալու են եկել միլիոնավոր իրանցիներ, որոնք բարձրախոսներով բացականչում են` մա՛հ Ամերիկային։ Ղասեմ Սուլեյմանին կհուղարկավորեն հունվարի 7-ին Քերմանում: