Իրանը ԱՄՆ-ից Սուլեյմանիի սպանության վրեժը լուծելու 13 սցենար է պատրաստել
Շահմանիի խոսքով՝ պատրաստված նույնիսկ «ամենափոքր» սցենարը «գիշերային մղձավանջ է դառնալու Ամերիկայի համար»:
Այսօր Իրանի խորհրդարանը միաձայն օրենք ընդունեց, որը Պենտագոնը և ԱՄՆ բանակը հավասարեցնում է ահաբեկչական կազմակերպություններին: Փաստաթղթում նաև հավանություն է տրվում Իրանի բանակի էլիտար ստորաբաժանմանը՝ «Ղուդս» հատուկ նշանակության ուժերին Ազգային զարգացման հիմնադրամից 200 մլն եվրո հատկացնելուն:
«Ղուդսի» առաջնորդ, գեներալ Ղասեմ Սուլեյմանին սպանվել է հունվարի 3-ի գիշերը Բաղդադի միջազգային օդանավակայանի շրջանում ԱՄՆ-ի իրականացրած հատուկ գործողության հետևանքով: Վաշինգտոնը համարում էր, որ նա մասնակից է անցած տարվա դեկտեմբերի 31-ին Իրաքի մայրաքաղաքում Միացյալ Նահանգների դեսպանատան վրա հարձակմանը:
Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին խոստացել է վրեժխնդիր լինել ԱՄՆ-ին Սուլեյմանիի սպանության համար:
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է, որ Վաշինգտոնը ծանրագույն հանցանք է գործել, որը Թեհրանը երբեք չի մոռանա:
Անցած շաբաթ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Ամերիկան թիրախավորել է Իրանի 52 օբյեկտ, ներառյալ մշակութային ժառանգության վայրերը: Այդ թիվը կապված է 52 ամերիկացի պատանդների հետ, որոնք գերեվարվել էին Իրանում 1979 թ.:
Վաշինգտոնի այդ որոշումը հարուցել է մի շարք քաղաքական գործիչների և փորձագետների անհանգստությունը, որոնք հիշեցնում են, որ միջազգային իրավունքն արգելում է հարվածներ հասցնել մշակութային ժառանգության օբյեկտներին: Ի պատասխան ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Վաշինգտոնը «գործելու է ըստ օրենքի»: