Զոհրաբ Մնացականյանը ցավակցել է Իրանում ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերի ընտանիքներին
«Շատ վատ լուր Թեհրանից Կիև ուղևորվող Boeing 737-ի կործանման մասին: Խորապես ցավակցում եմ զոհերի ընտանիքներին և հարազատներին»,- գրել է Զոհրաբ Մնացականյանը:
Իրանի մայրաքաղաք Թեհրանի օդանավակայանի մոտակայքում կործանվել է 176 մարդ տեղափոխող «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերության ուղևորափոխադրող Boeing-737 ինքնաթիռը:
IRNA գործակալության տվյալներով ինքնաթիռի բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները զոհվել են:
Իրանում ՀՀ դեսպանությունից «Արմենպրես»-ին հայտնեցին, որ հարցում են ուղարկել ԻԻՀ արտաքին գործերի նախարարություն` ճշտելու, թե արդյոք ինքնաթիռում գտնվել են ՀՀ քաղաքացիներ:
Fars գործակալության տվյալներով ՝ վթարի պատճառը տեխնիկական անսարքությունն է եղել:
Ավելի վաղ «Ռոյթերս» գործակալությունը հաղորդել էր, որ ինքնաթիռը Իմամ Խոմեյնի անվան օդանավակայանից ուղևորվում էր Կիև: Վթարի վայր է ուղարկվել 22 մեքենա և շտապօգնության երկու ավտոբուս: