«Ըսի՝ ես իսկակա՛ն հայ եմ, աս հողը իմս է»․ սիրիահայ տիկին Սիլվան
Տիկին Սիլվան ցավով է հիշում Հալեպում անցկացրած վերջին տարիները․ քաղաքն ավերված էր, «աշխատանոցները»՝ փակ, հոսանք չկար, գազ չկար, ջուր չկար, մի կտոր հացի համար ընտանիքի անդամները հերթափոխով ժամերով հերթ էին կանգնում․․․
«Շատ դժվարություն քաշեցինք։ Նույնիսկ Զատիկի օրը, Կաղանդի օրը մենք առանց լողանալու, մազերնիս կեղտոտ մեկ շաբաթ, տասը օր եկեղեցի գնացինք։ Վարեն ջուր կրեր եմ, որ մեկ հոգի լողնա։ Օրերով հագուստները չէր լվացված։ Շատ-շատ դժվար օրեր տեսանք․․․»։
Հայաստան ավելի շուտ չէին կարող տեղափոխվել, որդիները պետք է զինվորական փաստաթուղթ ստանային, որ կարողանային Սիրիայից դուրս գալ։ Բացի այդ, հույսը չէին կտրում, որ մի օր պատերազմը կավարտվի, և իրենք կվերադառնան բնականոն կյանք։
«Օր մը պզտիկ տղաս դուրս եկավ բալկոն, որ դուրս նայի, ռումբն ընկավ, և տան բոլոր ապակիները կոտրվեցին։ Բարեբախտաբար տղաս չվնասվեց, բայց ես այդ օրը որոշեցի, որ վե՛րջ, պիտի դուրս գանք»։
Ամենամոտ ու հեշտ ճանապարհը Լիբանանն էր, բայց պատերազմ տեսած մարդու աչքն այլևս վախեցած է, չէին ուզում օտար հողում ապրել։ Որոշում են տեղափոխվել Հայաստան։
«Մտածեցինք, որ մեր հայրենիքն է, մեզ ոչ ոք այնտեղից չի կարող դուրս հանել»,-ասում է նա։
Եկան, հաստատվեցին։ Հեշտ չէր, բայց քանի որ իրենցն էր, ինտեգրվեցին։
«Սկզբում ամեն ինչ դժվար էր, «այբ, բեն, գիմ, դա»-են սկսած։ Մենք ամեն ինչ զրոեն սկսանք։ Մի օր Մալաթիա գացած էի, վաճառողին բան հարցուցի, չհասկցավ։ Ինձի ըսավ՝ դու ինչերե՞ն կխոսիս, ըսի՝ ես զուտ հայերեն կխոսիմ։ Ըսավ՝ դու հա՞յ ես։ Ըսի՝ ես իսկակա՛ն հայ եմ, աս հողը իմս է»։
Տիկին Սիլվան ասում է՝ իրենց հայերենը շատ ավելի մաքուր է, քան տեղացիներինը և ափսոսում է իրենց լեզուն կորցնել։
«Ձեր մոտ թուրքերեն, ռուսերեն, նույնիսկ արաբերեն բառերը շատ են։ Օրինակ՝ դուք կըսեք մուրաբա, բայց դա արաբերեն է։ Մենք կըսենք անուշ, ծիրանի անուշ։ Մենք ապրել ենք արաբների մեջ, բայց մեր լեզվում ոչ մի արաբերեն բառ չկա»։
Որդիներն, ի տարբերություն իրենց, ավելի հեշտ են ինտեգրվել, խոսում են միայն արևելահայերեն։ Նրանք այնքան են կապվել Հայաստանի հետ, որ ամենալավ առաջարկի դեպքում անգամ ուրիշ երկիր չեն գնա։ Ավագ որդին 26 տարեկան է, միջնեկը՝ 24, փոքրը՝ 22։
«Մի քիչ աշխատանքի հարցն է դժվար։ Հիմա մեծ տղաս կուզե ամուսնանալ, բայց փողի պատճառով կհետաձգենք կոր»։
Արևմտահայերենից բացի կա ևս մի բան, որ սիրիահայերը սրբորեն պահպանել են Սիրիայում, և տիկին Սիլվան ուզում է, որ դա պահպանվի նաև Հայաստանում՝ ավանդական ընտանիքը, որտեղ ամուսնական կապն ամուր է, իսկ ամուսինների միջև կա մեծ վստահություն ու հարգանք։
Նաև ծանր է տանում, որ առաջվա պես ամեն կիրակի եկեղեցի չեն գնում։ Հիշում է՝ Հալեպում օրը բացվում էր իրենց տան մոտ գտնվող հայկական եկեղեցու զանգերի ղողանջով, և ամեն հայ օրը սկսում էր «Հայր մեր»-ով։
«Մի օր այստեղ շենքեն վար իջա, դուրս գալիս խաչակնքվեցի, հայաստանցի հարևանս զարմացած ասաց՝ ինչո՞ւ կխաչակնքվիս, ի՞նչ է պատահել։ Ասացի՝ մենք ասանկ սովորեր ենք։ Երբ օրվա մեջ առաջին անգամ տան շեմից դուրս պիտի գանք, անպայման պիտի խաչակնքվինք»։
1963 թվականին, երբ տիկին Սիլվան լույս աշխարհ է եկել, Սիլվա Կապուտիկյանը գտնվել է Հալեպում և այցելել է իրենց մայրանոց (ծննդատուն)։
«Հորս հարցրել է՝ ի՞նչ է, ասել է՝ աղջիկ, երկրորդ աղջիկը։ Ասել է՝ իմ անունս կանվանե՞ս։ Հայրս ասել է՝ այո, ինչո՞ւ ոչ։ Այդպես ինձ անվանել են Սիլվա…»,-հպարտորեն պատմում է նա։
Մոտ մեկ տարի առաջ տիկին Սիլվան ընդգրկվել է Կարմիր խաչի աջակցությամբ իրականացվող «Կանանց աջակցման խումբ» ծրագրում։ Տարբեր դասընթացների ու միջոցառումների է մասնակցում, ակտիվ գործունեություն իրականացնում։ Նաև պատվերով արևելյան ուտեստներ, անուշեղեն է պատրաստում, կար է անում։ Սիրիայում կանայք սովոր չէին գումար աշխատել։ Նրանց գործը տնային տնտեսությունն էր։ Այստեղ՝ Հայաստանում, այլ է, պետք է նաև գումար վաստակես, որ կարողանաս ընտանիքի հոգսը կիսել։
Չնայած ապրուստը հոգալու բոլոր դժվարություններին՝ գոհ են, որ Հայաստան են տեղափոխվել։ Այստեղ կա մի բան, որը չկա որևէ այլ տեղ՝ անվտանգությունն ու ապահովությունը։
«Ես կզգամ, որ այստեղ ավելի ապահով եմ, քանի որ սա իմ հայրենիքս է։ Մանավանդ, որ Արարատը կտեսնամ, ինձի համար դա արդեն մեծ բան է․․․»։