Պետք է հետևություն անել բացառապես փաստական տվյալներից, այլ ոչ քաղաքական գործիչների հայտարարություններից. Վարդան Ոսկանյան
իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը, ըստ էության, ջուրը գցեց ԱՄՆ զանազան կառուցակարգերի տարիներ շարունակ իրականացրած աշխատանքը՝ հասնելու Իրանի ներսում քաղաքական ցնցումների:
Նրա խոսքով, ԱՄՆ-ն աշխատանքներ է իրականացրել Իրանի ներսում ստեղծել սոցիալական բողոքի ալիք, հասնել նրան, որ դա վերաճի իշխանությունների և բողոքավոր զանգվածի միջև բախումների, ստանալ զոհեր և դրա հիման վրա տապալել երկրի օրինական իշխանությունը. «Բնական է, որ այս սպանությունից հետո իրանական հասարակությունը խիստ համախմբված է եւ սոցիալական բողոքի գործողությունների մակարդակը զգալիորեն պակասել է: Մենք հիմա ունենք Իրան, որն արտաքին վտանգի առաջ համախմբվել է: Այս իմաստով Սոլեյմանին իր մահով մինչեւ հիմա ծառայում է իր ժողովրդին»:
Անդրադառնալով տարածվող լուրերին, թե ուկրաինական օդանավը աղետի է ենթարկվել իրանական հրթիռի հարվածից՝ իրանագետն ասաց, որ այսօր ընթանում է քարոզչական պատերազմի բավական ինտենսիվ փուլ:
«Մենք բազմաթիվ դեպքեր ենք տեսել, երբ քաղաքացիական ինքնաթիռների կործանումներն օգտագործվել են քաղաքական ու քարոզչական նպատակներով: Հետևաբար այստեղ պետք է հետևություն անել բացառապես փաստական տվյալներից, այլ ոչ քաղաքական գործիչների հայտարարություններից»,-ասաց նա:
Հարցին, թե ինչպե՞ս է գնահատում այս զարգացումների վերաբերյալ ՀՀ իշխանությունների դիրքորոշումն ու հայտարարությունները, Վարդան Ոսկանյանը արձագանքեց. «Եթե ես լինեի որոշում կայացնողը, ես շատ որոշումներ այլ կերպ կկայացնեի: Ես կարծում եմ, որ ավելի ջերմ վերաբերմունք էր պետք տարբեր մակարդակում: Կարծում եմ՝ պետք է հստակ սահմանեինք դերաբաշխում, պետք է ավելի մեղմ մոտենայինք այն անձանց, որոնք իրականացնում էին աշխատանք: Մենք պետք է հասարակական աջակցությունն արտաքին քաղաքականությանը գնահատենք, ոչ թե դրանից խուսափենք»: