Իրանը խոստովանել է, որ պատահաբար է խոցել ուկրաինական Boeing-ը
Ուկրաինական Boeing-ը, որը կործանվել է Թեհրանի մոտակայքում, պատահաբար է խոցվել մարդկային սխալի հետևանքով: ՌԻԱ Նովոստին հայտնում է, որ այս մասին նշված է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարության մեջ։
Գլխավոր շտաբից հայտնել են, որ ինքնաթիռը խոցել են, որովհետև այն թռել է ռազմական կարևոր օբյեկտի մոտով:
Հայտարարության մեջ նշվում է նաև, որ դա տեղի է ունեցել մարտական բարձր պատրաստության պայմաններում, ինչը կապված է Իրաքում ամերիկյան ռազմակայանների հրթիռային հարվածներից հետո ԱՄՆ-ի հնարավոր պատասխանի հետ:
Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆն իր հերթին Twitter-ում գրել է, որ ավիավթարի է հանգեցրել մարդկային սխալը այն ճգնաժամի ժամանակաշրջանում, որը հրահրել Է ԱՄՆ-ի արկածախնդրությունը: Նա նաև ցավակցություն և ներողություն է հայտնել ավիաաղետի զոհերի ընտանիքներին: