Լիլիթ Դալլաքյան. «Թո՛ղ 2020 թվականը լինի մեդալաշատ տարի»
Հայ մարզիկները ստուգատեսում նվաճեցին 2 ոսկե, 1-ական արծաթե և բրոնզե մեդալ:
Հայաստանի քիքի-բոքսինգի ազգային հավաքականի անդամ, 22-ամյա Լիլիթ Դալլաքյանն իրեն լավագույն կողմերով դրսևորեց և 3-ռաունդանոց մենամարտում ժամանակից շուտ հաղթեց մրցակցին` ոսկե մեդալ նվաճելով:
Հայ մարզուհին միաժամանակ զբաղվում է նաև բռնցքամարտում և Անկախի հետ զրույցում կիսվում է տպավորություններով, կարևորում է այդ հաղթանակը, քանի որ տոնեց վնասվածքի ապաքինումից հետո:
-Ինչպես բոլոր մրցաշարերին, այնպես էլ այս մեկին, ես և իմ թիմը լրջորեն էինք նախապատրաստվել։ Մրցաշարին գնացել էի, ինչպես միշտ, հաղթական տրամադրվածությամբ։
Ստուգատեսը տեղի ունեցավ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում, որը կազմակերպել էր Վրաստանի քիք-բոքսինգի ֆեդերացիաի նախագահ Գ. Ջավակիան։ Այդ մրցաշարերին մշտապես մասնակցում ենք և շատ գոհ ենք, թե՛ կազմակերպվածությունից, թե՛ հյուրընկալությունից։
Ես և մարզիչս`Վարդան Աբգարյանը, ինչպես որ պլանավորել էինք, որ կոմբինացիաի վրա աշխատել էինք, այդպես էլ վերջացավ մենամարտը։ Ժամանակից շուտ` առաջին ռաունդում, հասա հաջողության վրացի մրցակցի հետ պայքարում:
-Տեղյակ եմ, որ մրցաշարին մասնակցեցիք վնասվածքի ապաքինումից հետո: Այդ առումով հատկապես ուրախալի է ձեռքբերված մարզավիճակն ու գրանցած հաջողությունը:
-Ինձ համար այս մրցաշարը առանձնացավ, քանի որ վնասվացքի պատճառով չէի կարողացել մասնակցել շատ կարևոր մրցաշարի՝ աշխարհի գավաթի առաջնությանը(World Cup Diamond), և տարեվերջյան այս հաղթանակը շատ անհրաժեշտ էր ինձ։
-Հայաստանի հավաքականի մարզիկները ստուգատեսում շատ լավ ներկայացան, մեդալներ նվաճեցին. ընկերների ձեռքբերումները ոգևորու՞մ են:
-Այո՛, իհարկե, դա մեծ ոգևորվածություն և հավատ է ներշնչում։ Նշեմ, որ մենամարտիցս րոպեներ առաջ իմ թիմակից Արսեն Աբգարյանը նույնպես ժամանակից շուտ հաղթանակ տոնեց։
-Ի՞նչ եք զգում, երբ ներկայացնում եք Հայաստանն ու հայոց եռագույնը միջազգային ասպարեզում. կա՞ պատասխանատվություն:
-Շատ մեծ պատասխանատվություն եմ զգում ինքս իմ, իմ ազգանվան, իմ մարզչի ազգանվան հանդեպ, քանի որ ինձնից բացի ես ներկայացնում եմ նաև իմ մարզչի ազգանունը և ողջ ՀԱՅ ազգը: Մինչ այս կամ այն մրցաշարին գնալը, ես գիտակցում եմ, որ ներկայանալու եմ ոչ միայն իմ, այլև ամբողջ ազգի անունից։ Միշտ ցանկություն ունեմ, որ մեր եռագույնը ծածանվի ամենավերևում։
-Ո՞ր տաիքից եք սկսել զբաղվել սպորտով. մարզաձևի ընտրությունն ինչո՞վ էր պայմանավորված:
-Սպորտով զբաղվել եմ 12 տարեկանից։ Փոքր տարիքից արդեն ակնհայտ էր իմ սերը սպորտի հանդեպ: Մշտապես դիտում էի հայ մարզիկների մենամարտերը և ուրախանում նրանց հաղթանակներով։
12 տարեկանում ցանկություն հայտնեցի զբաղվելու սպորտով` բռնցքամարտով։
Սկզբում միայն բռնցքամարտով եմ զբաղվել, հետո համատեղել եմ նաև քիք-բոքսը:
Մարզիչս և՛ բռնցքամարտի, և՛ քիք-բռնցքամարտի մասնագետ է: Նրա մոտ մարզվելով` քիք-բոքսինգը նույնպես հետաքրքրություն առաջացրեց և 1 տարի բռնցքամարտն ու քիք-բոքսինգը համատեղելուց հետո ակզբում սևծովյան գավաթի, հետո էլ աշխարհի գավաթի հաղթող դարձա. այդպես էլ սկսվեց քիք-բոքսինգի կարիերան:
-Սպորտում հանդես գալու բավական փորձ ունեք, միջազգային մրցաշարերի հաղթող ու մրցանակակիր եք. ի՞նչ է հարկավոր հաջոության հասնելու համար:
-Բոլոր մարզաձևերում էլ դժվարություններ կան, բայց երբ գիտես, թե ու՞ր ես գնում և սիրում ես կատարածդ աշխատանքը, ապա այդ դժվարությունները չեն կարող խանգարել երազանքիդ հասնելուն։ Դժվարություններն անգամ անհրաժեշտ են։ Սպորտը տալիս է պայքարելու, չհանձնվելու ունակություն, սեր և նվիրվածություն կատարածդ աշխատանքի հանդեպ։
-2020-ին ի՞նչ ծրագրեր ունեք:
-Ճիշտ է, 2019-ին եղան շատ ձախողումներ, վնասվածքներ, որոնք ևս մարզիկի համար են; Այդ ամենը միայն պետք է հաղթահարել և ավելի մեծ ուժով առաջ շարժվել։ Ձախողումներից հետո տարին հաղթանակով ավարտեցի, ինչի համար էլ այն առանձնահատուկ էր ինձ համար։
2020 թվականը մարզական լուրջ տարի է: Մեզ սպասվում են բազմաթիվ մրցաշարեր, թե՛ բռնցքամարտում, թե՛ քիք-բռնցքամարտում։ Կփորձեմ երկուսն էլ համատեղել և ամեն ինչ կանեմ, որպեսզի բարձր արդյունքներ գրանցեմ:
Ցանկանում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել իմ մարզիչՎարդան Աբգարյանին, որն այսքան տարիների ընդացքում ջանք ու եռանդ չի խնայել ինձ համար, մշտապես իմ կողքին է, թե՛ հաղթանակների, թե՛ պարտությունների ժամանակ։ Շնորհակալություն ընտանիքիս` ինձ մշտապես ոգևորելու, փոխանցած սիրո ու ջերմության համար, և, վերջապես, շնորհակալություն իմ բոլոր հարազատներին ու ընկերներին։ Մաղթում եմ բոլորիս հրաշալի ապորտային տարի: Թո՛ղ որ 2020 թվականը բոլորիս համար լինի մեդալաշատ, հաջողակ և նպատակների իրականացման տարի։