ՀՔԾ-ն չի շտապում արձագանքել Արման Բաբաջանյանի դեմ ներկայացված հաղորդմանը
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ ՀՔԾ-ից դժվարացան ասել քրեական գործ հարուցվել է, թե ոչ՝ խոստանալով տեղեկատվություն տրամադրել ավելի ուշ։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 25-ին Արսեն Բաբայանը բաց նամակով դիմել էր ՀՀ գլխավոր դատախազին՝ մեջբերելով ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի դեկտեմբերի 24-ի ֆեյսբուքյան գրառումը՝ նշելով, որ դրանում առերեւույթ արարքում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներ՝ դատավորին անհարկի մեղադրելով առանձնապես ծանր հանցագործություն կատարելու մեջ։
Այսպես՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը 2019 թվականի դեկտեմբերի 24-ին «Facebook» սոցիալական ցանցի իր էջում կատարել է հրապարակային հետևյալ գրառումը՝ «Հրայր Թովմասյանը ղեկավարած հանցագործների բանդան այսօր չափազանց կարևոր որոշում է կայացրել՝ Սահմանադրական դատարանն այսօր կայացրած որոշմամբ վերացրել է Բարձրագույն դատական խորհուրդ սահմանադրական մարմնի կարևոր գործառույթը։ Այսպիսի բան հնարավոր չէ պատկերացնել։ ՍԴ-ն իր այս որոշմամբ ԲԴԽ-ին փաստացի զրկեց դատավորի լիազորությունները դադարեցնելու կարևորագույն գործառույթից։ Շարունակեք ձեռք մեկնել հանցագործներին․․ Հ․Գ․ Նախագահն էլ չստորագրեց ձեր վաղ կենսաթոշակների օրինագիծը» (աղբյուրը՝ https://www.facebook.com/arman.babajanyan.92/post... կցվում է նաև գրառման արտատպումը):
Պատգամավոր Արման Բաբաջանյանը նշված գրառմանը կից տեղադրել է նաև «news.am» լրատվական կայքի՝ «Օր առաջ Հայկ Հովհաննիսյանի լիազորությունները պետք է դադարեցվեն. ՍԴ-ն ԲԴԽ-ի որոշումը հակասահմանադրական է ճանաչել» վերտառությամբ հոդվածը, որը լրատվամիջոցում հրապարակվել է 24.12.2019թ., ժամը 17:31-ին (կցվում է):
Լրատվամիջոցի հրապարակած այդ հոդվածի վերտառությունը և բովանդակությունը վկայում են այն փաստի մասին, որ ՀՀ սահմանադրական դատարանում քննվել է կոնկրետ գործ, այսինքն՝ իրականացվել է արդարադատություն, այդ գործով ընդունվել է որոշում: Պատգամավոր Արման Բաբաջանյանը, իր հրապարակային հայտարարության մեջ հղում կատարելով նշված որոշմանը (դատական ակտին), ինչպես նաև՝ «որոշում է կայացրել» և «Սահմանադրական դատարանն այսօր կայացրած որոշմամբ…» արտահայտություններով հաստատելով, որ խոսքը վերաբերում է կոնկրետ գործը դատարանում քննելուն, քանի որ ՀՀ սահմանադրական դատարանում որոշումներն ընդունվում են գործերի կամ նյութերի քննության արդյունքներով, ՀՀ ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանին և մի շարք դատավորների վերագրելով «հանցագործների բանդա ղեկավարելու» և «բանդայում մասնակցելու» գործողություններ, հրապարակային զրպարտել է կոնկրետ հանցագործության մեջ (ՀՀ քրեական օրենսգրքի 222-րդ հոդված):
Դատախազությունը Ա.Բաբայանի հաղորդումը ՀՔԾ է ուղարկել դեռ 2019 թվականի դեկտեմբերի վերջերին, իսկ այսօր արդեն 2020 թվականի հունվարի 14-ն է, սակայն դրա ընթացքը պարզ չէ։ Նկատենք, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածն սահմանում է 10-օրյա ժամկետ՝ հանցագործությունների մասին հաղորդումը քննարկելու համար։