Հայերեն   English   Русский  

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց. Յուրի Խաչատուրովի պաշտպանը բացակայում էր


  
դիտումներ: 549

Քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ հետաձգվեց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը:

Այսօրվա դատական նիստին չէր ներկայացել Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը: Պաշտպանի բացակայության պատճառաբանությամբ դատարանը նիստը հետաձգեց մինչև հունվարի 21-ը:

Նշենք, որ Միհրան Պողոսյանը չի ներկայացել այսօրվա նիստին՝ նախապես տեղեկացնելով այդ մասին նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանին։ Իր դիմումի մեջ նա նշել է, որ դատարանն անտեսում է նիստի ընթացքում պաշտպանների հասցեին հնչող վիրավորական արտահայտություններն ու սպառնալիքները, ինչպես նաև խտրական վերաբերմունք է դրսևորում դատավարության մասնակիցների նկատմամբ։

Դատավոր Աննա Դանիբեկյանի խոսքով՝ դատարանն՝ ուսումնասիրելով նախորդ նիստի տեսագրությունը, գտել է, որ պաշտպանների նկատմամբ որևէ սպառնալիք չի հնչել։

Հիշեցնենք, որ նախորդ նիստին Սեյրան Օհանյանի պաշտպանի ելույթում հնչած «մարտի 1-ի ինչ-որ իրադարձություններ» արտահայտությունն առաջացրել էր տուժող կողմի վրդովմունքը։ Տուժողներից մեկն ասել էր․ «Թող հարգեն մարտի 1-ը և չփորձեն ինչ-որ այլ երևույթներ պատկերացնել, թե չէ կհայտնվեն մեր օրին»։ Պաշտպանական կողմն արձանագրլ էր, որ իր հասցեին սպառնալիք է հնչել։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: