Հայերեն   English   Русский  

Իմ բոլոր քաղաքական գործընկերներին կհորդորեմ, որ իրենց ընտանիքներում ապահովեն քաղաքական զսպվածություն. Գևորգ Պետրոսյան


  
դիտումներ: 608

Այսօր՝ հունվարի 14-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ընթացքում ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, անդրադառնալով Արթուր Վանեցյան-Մարիամ Փաշինյան հրապարակային բանավեճին, ասաց, որ

ինքն ընդհանրապես կողմ չէ, որ քաղաքական գործընթացներին միջամտեն ընտանիքի անդամները:

«Եթե դիմացինդ անչափահաս է կամ երեխա, կամ քո գործընկերոջ աղջիկն է կամ տղան է, դու մի տեսակ կաշկանդված ես լինում այն ամենն ասել, ինչ կարող ես ասել:

Ես իմ ընտանիքում այդ կարգը դրել եմ, որ իմ ընտանիքի որևէ անդամ իրավունք չունի հանդես գալ որևէ քաղաքական գործի վերաբերյալ: Այլ բան, եթե նա լինի քաղաքական գործիչ, քաղաքական պաշտոնյա: Իհարկե, հիմա ինձ կարող եմ հակադրվել, ասել՝ բա կարծիք արտահայտելու ազատությունը: Բայց էդ իրավունքից նույնպես խորհուրդ կտայի երեխաներին բարեխղճորեն օգտվել:

Իմ բոլոր քաղաքական գործընկերներին կհորդորեմ, որ իրենց ընտանիքներում ապահովեն քաղաքական զսպվածություն և եթե կարծիք էլ են արտահայտում, այդ կարծիքը չպարունակի այլ անձի բարի անունը, համբավը արատավորող տարրեր»,-ասաց նա:

ԲՀԿ-ական պատգամավորը հավելեց, որ շատ բարձր կարծիք ունի ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի մասին. «Ես անձամբ Վանեցյանի հետ մտերիմ չեմ, շատ չեմ շփվել, մեկ անգամ եմ հանդիպել, բայց ես իր անձի մասին շատ բարձր կարծիքի եմ: Չգիտեմ՝ ինչ հակասություն կա իրենց մեջ, բայց իմ գնահատականը Վանեցյանի գործի նկատմամբ այն է եղել, որ ինքը բարեխղճորեն կատարել է իր պարտականությունները»:

Դիտարկմանը, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանն ասել է, որ Վանեցյանը իշխանափոխություն է նախաձեռնած եղել, Գևորգ Պետրոսյանն արձագանքեց. «Բա եթե այդպիսի բան է եղել, ինչու մինչև հիմա իրեն չեն պատժել, ինչի՞ են հետին թվով հիշել: Ասենք, 2-3 ամիս պետք է անցներ, նո՞ր հիշեին, որ Վանեցյանն իշխանափոխություն է ծրագրել: Եկեք, ես իրենց մասնավոր հարցերին չխառնվեմ»:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: