Կարելի է երկար թվարկել այն ամենը, ինչ էկոնոմիկայի նախարարը մոռացավ թվարկել. Էդմոն Մարուքյան
Ստորև ներկայացնում ենք Մարուքյանի մի քանի դիտարկումները.
«1. Ինչպես նշեց նախարարը՝ Moody's եւ Fitch միջազգային վարկանիշային գործակալությունների կողմից Հայաստանի վարկանիշը վերագնահատվել է՝ բարելավվելով մեկ աստիճանով: Բնականաբար, սա դրական միտում է, սակայն պետք է նշեմ, որ նախարարը, զուգահեռներ տանելով Վրաստանի եւ Ադրբեջանի հետ, մոռացավ նշել, որ այս վարկանիշներով մենք հետ ենք նշված երկու հարեւաններից էլ:
2. Պետք է փաստել նաեւ, որ օտարերկրյա ներդրողին հետաքրքրում է նաեւ բիզնես հիմնելու եւ վարելու դյուրինությունն ու գրավչությունը։ Իսկ ինչպես վկայում է Համաշխարհային բանկի կողմից հրապարակված Doing Business վարկանիշը՝ Հայաստանը 2019 թվականին հետընթաց է ունեցել նախորդ տարվա համեմատ վեց նիշով եւ զբաղեցնում է 47-րդ տեղը՝ աշխարհի 190 երկրների շարքում։ Եթե համեմատենք Եվրասիական տնտեսական միության այլ երկրների հետ, ապա Ղազախստանը բարձրացել է 28-ից 25-րդ տեղ, Ռուսաստանը՝ 31-ից 28։ Հարեւան երկրների դիրքերը հետեւյալն են՝ Վրաստան՝ 7, Թուրքիա՝ 33, Ադրբեջան՝ 34։
3. Նախարարը մեր երկրի ներդրումային օրեսդրությունը ներկայացնում է որպես միջազգային լավագույն չափանիշներին համահունչ, այն դեպքում, երբ մեր «Օտարերկրյա ներդրումների մասին» օրենքը ընդունվել է 1994 թվականին եւ վաղուց արդեն չի համապատասխանում թե՛ միջազգային չափանիշներին եւ թե՛ Հայաստանի տնտեսության զարգացման հրամայականներին։
4. Ասեմ ավելին, Վրաստանը այսօր առաջարկում է ներդրողներին շատ ավելի բարենպաստ պայմաններ՝ ԱԱՀ-ի, շահութահարկի եւ եկամտահարկի դրույքաչափերի առումով, շատ ավելի լավ ենթակառուցվածքներ, կառուցում է տեխնոլոգիական համալսարան Քութաիսիում 60 հազար ուսանողի համար:
5. Նախարարը մոռացավ նշել, որ 2019թ. ինն ամիսների արդյունքներով՝ ՀՀ-ում օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքը ավելի նվազ է, քան 2018 եւ 2019 թվականների նույն ժամանակահատվածներում:
6. Կարելի է դեռ երկար թվարկել այն ամենը, ինչ Էկոնոմիկայի նախարարը մոռացավ թվարկել»: