Հայերեն   English   Русский  

​Իմփիչմենթի նոր փուլ ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատում


  
դիտումներ: 747

Այսօր օրենսդիր դեմոկրատները ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատի երկու կոմիտեներից մտադիր են Սենատ ուղարկել Թրամփի մասին մեղադրական եզրակացությունը և «նոր փաստաթղթեր», որոնք կպահանջվեն դատական գործընթացում:

ՏԱՍՍ-ը տեղեկացնում է, որ այդ փաթեթում առկա է նաև Լև Պառնասի նամակագրությունը, նա, ինչպես ենթադրում են կոնգրեսմենները, Ուկրաինայում կատարել է Ռուդոլֆ Ջուլիանիի հանձնարարությունները: Նամակագրությունը ստացել են հենց Պառնասից:

Ստորին պալատի խոսնակ Փելոսին հայտարարել է, որ նախագահը պարտավոր է պատասխան տալ օրենքի առջև: Իսկ Սենատի խոսնակը պատասխանել է Փելոսիին, որ դատական քննություն սկսելու օրը նշանակված է հունվարի 21-ին, և զգուշացրել է, որ Թրամփի ընդդիմախոսների գործողությունները կարող են հարվածել հենց իրենց:

«Ես ենթադրում եմ, որ մենք կհրավիրենք նաև վկաներին, ինչպես որ նախատեսված է դատական ընթացակարգով: Այլ հարց է, որ երկու կողմն էլ կցանկանան հրավիրել այն վկաներին, որոնք կհաստատեն իրենց անհրաժեշտ տեսակետը: Ես չեմ կարող պատկերացնել, որ ցուցմունք տալու համար հրավիրվեն միայն նրանք, ովքեր ձեռնտու են բացառապես մեր դեմոկրատ գործընկերներին»,- ասել է Կոնգրեսի վերին պալատի հանրապետական մեծամասնության առաջնորդ Միտչ Մակքոնելը:

Ինչպես նշվում է, սենատոր հանրապետականները դատաքննության ժամանակ կարող են պահանջել, որ հրավիրվի հատուկ ծառայությունների այն ներկայացուցիչը, որի անունը դեռ անհայտ է և որի հաղորդագրությունն է առիթ հանդիսացել ստորին պալատում իմփիչմենթի գործընթաց սկսելու համար:

Աղբյուրը





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: