Հայերեն   English   Русский  

2019-ին հրադադարի ռեժիմը Արցախի և Ադրբեջանի սահմանին, ընդհանուր առմամբ, պահպանվել է. Մասիս Մայիլյան


  
դիտումներ: 620

Այսօր՝ հունվարի 15-ին, տարեկան ամփոփիչ ասուլիսում Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանն ասաց, որ

Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման, միջազգային գործընթացներում նրա ներգրավվածության ընդլայնման և հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունների հետ կապված գործընթացները ընթանում են զուգահեռ:

Նրա խոսքով, Արցախի միջազգային ճանաչմանն ուղղված նախաձեռնությունները եւ արձանագրված հաջողությունները ոչ միայն թույլ կտան մեղմել Ադրբեջանի անզիջում բանակցային դիրքերը, այլեւ կնպաստեն Արցախի անվտանգության եւ տարածաշրջանային կայունության մակարդակի բարձրացմանը:

Մասիս Մայիլյանը շեշտել է, որ խաղաղ գործընթացում իրական առաջընթաց ապահովելու եւ հակամարտության վերջնական կարգավորմանը հասնելու համար անհրաժեշտ է վերականգնել բանակցային գործընթացի լիարժեք եռակողմ ձեւաչափը՝ պաշտոնական Ստեփանակերտի լիիրավ մասնակցությամբ:

ԱԳ նախարարը նշել է, որ 2019 թ. ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը հիմնականում ուղղված էր տարածաշրջանում կայունության ապահվմանը: Նշվել է, որ ընդհանուր առմամբ, Արցախի եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանին պահպանվել է հրադադարի ռեժիմը:

Ընդգծելով պատերազմի հեռանկարները բացառելու եւ հակամարտության գոտում կայունություն ապահովելու կարեւորությունը` Մասիս Մայիլյանը նշել է, որ Արցախի իշխանությունները շարունակել են աջակցել ԵԱՀԿ առաքելության կողմից հրադադարի պահպանման ռեժիմի դիտարկումների պարբերական անցկացմանը: Արտգործնախարարը հավելել է, որ տարվա ընթացքում հակամարտության կողմերի միջեւ համաձայնեցվել եւ իրականացվել են վստահության ամրապնդմանն ուղղված մի շարք միջոցառումներ՝ միտված խաղաղ գործընթացի առաջմղման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը:

Մասիս Մայիլյանը նաեւ ընդգծել է ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակի հետ հանդիպման կարեւորությունը, որի ընթացքում Արցախի ԱԳ նախարարը ներկայացրել է հանրապետության դիրքորոշումը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ: Արտաքին գործերի նախարարության աջակցությամբ Ադրբեջանից հայ փախստականների Արցախի միության ղեկավար Սարասար Սարյանին հնարավորություն է ընձեռվել ԵԱՀԿ գործող նախագահին ներկայացնելու Արցախում փախստականների խնդրի հետ կապված իրավիճակը: Նախարարը նաեւ նշել է, որ տարվա ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները երկու անգամ այցելել են Ստեփանակերտ, հանդիպումներ ունեցել Արցախի Նախագահի, ինչպես նաեւ ԱԳՆ ղեկավարի եւ պաշտպանության նախարարի հետ:

Մասիս Մայիլյանն ընդգծել է, որ 2019 թ. լրացել է ադրբեջան-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում կարեւորագույն փաստաթղթի՝ Արցախի, Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից ստորագրված Կրակի եւ ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին համաձայնագրի 25-ամյակը, որը թույլ է տվել հակամարտության լուծումը տեղափոխել դիվանագիտական դաշտ: Այս կապակցությամբ մայիսի 10-ին Արցախի Հանրապետության ԱԳՆ նախաձեռնությամբ Ստեփանակերտում կազմակերպվել է խորհրդաժողով, որին մասնակցել են քաղաքական եւ հասարակական գործիչներ Արցախից, Հայաստանի Հանրապետությունից եւ Ռուսաստանից: Խորհրդաժողովին որպես հատուկ հյուր մասնակցել է ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը:

Մամուլի ասուլիսի ընթացքում Մասիս Մայիլյանը մատնանշել է Արցախի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ համագործակցության բարձր մակարդակը, ինչը Ստեփանակերտին թույլ է տալիս Երեւանի գործընկերներին ներկայացնել Արցախի դիրքորոշումը համահայկական օրակարգի այս կամ այն առանցքային ասպեկտների, ինչպես նաեւ խաղաղ գործընթացին առնչվող հարցերի շուրջ: Այս համատեքստում Մասիս Մայիլյանը կարեւորել է հուլիսի 5-ին Արցախի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ 2019-2020 թթ. խորհրդատվությունների պլանի ստորագրումը, ինչը թույլ է տալիս երկու արտաքին քաղաքական գերատեսչություններին խորացնել համագործակցությունը ինստիտուցիոնալ մակարդակում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: