Մարալիկի ծննդատանը ժամանակ են տվել
<Մարալիկի առողջության կենտրոնում> գործող ծննդաբերական բաժանմունքի աշխատակիցների հետ հանդիպել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը: Նա հայտնել է, որ ծննդօգնության բաժանմունքի խնդիրները լուծելու նպատակով ժամկետ է սահմանվել, որի ընթացքում շահագրգիռ կողմերը քայլեր են ձեռնարկելու՝ որակյալ ծառայություն ունենալու նպատակով․
«Մենք, իհարկե, պետք է հաշվի առնենք տարածաշրջանի աշխարհագրական դիրքն ու ծննդօգնության ժամանակին տրամադրելու անհրաժեշտությունը: Սակայն չպետք է մոռանանք, որ որակի հետ կապված խնդիրներ ունենք։ Պետք է կարողանանք հնարավորինս սեղմ ժամկետներում, կենտրոնացնելով բոլոր ռեսուրսները, հասնենք խնդրի կարգավորման և ռիսկերի նվազեցման»։
Մարզպետարանն ու բուժանձնակազմը համատեղ աշխատանք են տանելու՝ կարիքների հստակ գնահատման, մասնագիտական, ռեսուրսային բացերի հստակեցման առնչությամբ։ Առաջիկայում ամբողջացվելու են նաև բաժանմունքի գործունեության շարունակության համար առաջարկներն ու լուծումների տարբերակները։