Ամերիկյան ռազմաբազաները հրթիռակոծելուց հետո Իրանն այլ կերպ է ընկալվում Մերձավոր Արևելքում․ իրանագետ
-Պարոն Վարդանյան, երբ պարզվեց, որ իրանական կողմն է սխալմամբ խոցել քաղաքացիական ինքնաթիռը, Իրանում մի քանի օր շարունակ բողոքի ցույցեր տեղի ունեցան։ Այդ ցույցերի ընթացքում հնչում էին նաև քաղաքական կարգախոսներ, չնայած ցույցի առիթն այլ էր։ Ինչո՞ւ էին ոչ քաղաքական ցույցի ընթացքում հնչում նման կարգախոսներ։ Եվ ինչպե՞ս հանրային դժգոհությունները կազդեն առաջիկայում Իրանում սպասվող խորհրդարանական ընտրությունների վրա։
-Վերջերս Իրանում սովորություն է դարձել այդ երկրի քաղաքական վերնախավի հասցեին ցույցերի ժամանակ հայտարարություններ հնչեցնելը՝ անկախ այն բանից՝ այդ ցույցերը քաղաքական են, սոցիալ-տնտեսական են, թե այս դեպքում՝ սխալմամբ արձակված հրթիռից ինքնաթիռի խոցման հետ կապված ցույցեր են։ Հասարակությունում կան որոշակի դժգոհություններ իշխանություններից, և հասարակությունը գրեթե յուրաքանչյուր առիթ օգտագործում է այդ դժգոհությունն արտահայտելու համար։ Դրան գումարվում է նաև արևմտյան քարոզչությունը․ գիտենք՝ ինչ հսկայական քարոզչամեքենա է աշխատում Իրանի դեմ։ Այդ ամենը հաշվի առնելով՝ զարմանալ պետք չէ, որ նմանատիպ հայտարարություններ են հնչում։
Ընտրությունների վրա, կարծում եմ, որոշակի ազդեցություն կարող է ունենալ այս ամենը։ Մինչև ինքնաթիռի հետ տեղի ունեցած դժբախտ պատահարը, բոլորովին այլ ուղղությամբ էր զարգանում իրավիճակը։ Իրանում հասարակությունը համախմբվել էր իշխանությունների շուրջ՝ պայմանավորված գեներալ Սոլեյմանիի սպանությամբ և ամերիկյան ռազմաբազաների հրթիռակոծությամբ։
Ի պատիվ իրանական իշխանությունների՝ պետք է ասել, որ նրանք համարձակություն ունեցան և ընդունեցին սխալը, հայտարարեցին, որ իրենց կողմից է եղել։ Բազմաթիվ դեպքեր գիտենք, երբ տարբեր երկրների կողմից ինքնաթիռներ են խոցվել, և այդպես էլ ոչ մեկ չի ստանձնել պատասխանատվությունը։
Բայց ինքնաթիռի խոցումից հետո կրկին առաջացավ վակուում իշխանությունների և հասարակության միջև։ Կարծում եմ՝ Իրանի իշխանությունների թիվ մեկ խնդիրը առաջիկա ընտրություններում լինելու է ընտրողների մասնակցության ապահովումը։ Որովհետև իրանական հասարակությունը, դժգոհ լինելով իշխանություններից, հնարավոր է բարձր մասնակցություն չցուցաբերի ընտրություններին։
Այստեղ մի նրբություն էլ կա․ ներկայում իշխանության է այսպես ասած բարեփոխականների ճամբարը նախագահ Ռոուհանիի գլխավորությամբ։ Եվ տեղի ունեցածը մեծ հարված էր բարեփոխականներին։ Նրանց ընդդիմադիրները՝ պահպանողկան թևը, նշում է, որ այս ընթացքում՝ Ռոուհանիի երկրորդ ժամկետում բարեփոխականները լիովին ձախողել են իրենց քաղաքականությունը․ միջուկային համաձայնագրով փորձ էր արվում Իրանը դուրս բերել միջազգային շրջափակումից և ազատել պատժամիջոցներից, բայց հակառակը տեղի ունեցավ։
Ռոուհանիի ընդդիմադիրները նշում են, որ բարեփոխականների քաղաքականությունն իրեն սպառել է։ Նրա իշխանության օրոք տեղի ունեցած ինքնաթիռի խոցումն էլ, ըստ իս, որոշակի ազդեցություն կարող է ունենալ բարեփոխականների ճամբարի վրա։
-Գեներալ Սոլեյմանիի սպանությունից, ԱՄՆ-ին պատասխանից հետո արդյո՞ք Իրանի դիրքերը տարածաշրջանում պահպանվել են։
-Ըստ իս՝ Իրանի դիրքերն ամրապնդվեցին և դեռ ավելի կամրապնդվեն Մերձավոր Արևելքում։ Գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո Իրաքի խորհրդարանը որոշում ընդունեց իրենց երկրի տարածքից օտար երկրների զինուժի դուրսբերման մասին։ Դրան հաջորդեցին տարածաշրջանի բոլոր շիական կազմակերպությունների՝ քաղաքական, ռազմաքաղաքական, կիսառազմական խմբավորումների հայտարարությունները Իրանի շուրջ համախմբվելու և ԱՄՆ-ին պատժելու մասին։ Դրանից անմիջապես հետո ականատես եղանք պատժիչ գործողություններին ԱՄՆ-ի դեմ։
Աշխարհում եզակի պետություններ կգտնվեն, որոնք կկարողանան ԱՄՆ ռազմաբազաների ուղղությամբ հրթիռներ արձակել։ Մերձավոր Արևելքում, և ընդհանրապես Արելքում, սիրում են ուժի ցուցադրություն, և այնտեղ բոլորովին այլ կանոններ են գործում։ Եվ հիմա Իրանն այլ կերպ է ընկալվում մերձավորարևելյան այս տարածաշրջանում։ Այս առումով Իրանի դիրքերն ուժեղացան։
Իրանի ներսում, իհարկե, կապված ինքնաթիռի պատահարի հետ, իշխանությունների դիրքերը սասանվեցին։
-Օրերս Իրան են այցելել Կատարի էմիրը և Սիրիայի վարչապետը։ Ի՞նչ են նշանակում այս այցելությունները։ Արդյո՞ք յուրայինների «բանակի» հստակեցում է տեղի ունենում։
-Կատարի էմիրը, հնարավոր է, փորձում է որոշակի միջնորդական առաքելություն իրականացնել։ Իսկ Սիրիայի պարագայում, ինձ թվում է, քննարկվում է Սիրիայի վերակառուցմանգործում Իրանի մասնակցությունը, ավելի ճիշտ՝ Իրանի ազդեցություններն են ճշգրտվում։
-Կատարի միջնորդական առաքելության հնարավորության մասին խոսեցիք։ Հայաստանը ևս երկու երկրների հետ լավ հարաբերություններ ունի։ Արդյո՞ք Հայաստանը միջնորդական առաքելության պոտենցիալ ունի այս հարցում։
-Պոտենցիալը մեկ բան է, գործնական քայլերը բոլորովին այլ բան։ Տարբեր տիպի ներուժ ունենք, որը տարբեր կերպ կարող է գործադրվել։
Չգիտեմ, նման խոսակցություններ եղել են, թե ոչ։ Ընդհանրապես, չգիտեմ, Իրանի հետ կապված ինչ տեսլական կա հայկականկողմում։ Այս հարցին կդժվարանամ պատասխանել։
-Իրանի նպատակն է ԱՄՆ-ին դուրս մղել Մերձավոր Արևելքից։ Հաշվի առնելով Իրաքում կայացրած որոշումը և ընթացող զարգացումները՝ որքանո՞վ է իրագործելի այս նպատակը։
-Այո, ԱՄՆ-ին Մերձավոր Արևելքից դուրս մղելն Իրանի գերնպատակներից մեկն է։ Բայց դա այդքան էլ հեշտ չի լինի։ ԱՄՆ-ն ունի իր հսկայական շահերը տարածաշրջանում։ ԱՄՆ-ն ամեն ինչ անելու է, որ չլքի տարածաշրջանը, որ տարբեր կերպ ու ձևերով ներկայացված լինի։ Բացի այդ, Իրաքից դուրս գալը դեռ տարածաշրջանից դուրս գալ չի նշանակում․ Իրանի շուրջ տեղակայված ամերիկյան ռազմաբազաները բազմաթիվ են։ Իրանն էլ հասկանում է, որ հնարավոր չէ այնպես անել, որ ամերիկյան ուժերը հեռանան տարածաշրջանից։ Ըստ իս՝ Իրանն իր առջև նպատակ է դրել Իրաքից Միացյալ Նահանգների ուժերին դուրս բերել։
-Այս իրավիճակից արդյո՞ք կարող է Թուրքիան շահել՝ ավելի ամրապնդելով իրդիրքերը և ձեռք բերելով գերիշխող դիրք տարածաշրջանում։
-Թուրքիան միշտ է փորձում առիթից օգտվել, երբ տարածաշրջանը խառը վիճակում է գտնվում։ Մենք դրա ականատեսն ենք եղել Սիրիայի հյուսիսում, Իրաքի հյուսիսում, հիմա նույնը փորձում է Լիբիայում անել։ Գաղտնիք չէ, որ Էրդողանը վարում է ծավալապաշտական, նեոօսմանիզմի քաղաքականություն, և այս քաղաքականությունում չի տեղավորվում Իրանի հզորացումը։ Եվ բնականաբար ցանցացած առիթ օգտագործելու է՝ կասեցնելու Իրանի ազդեցության մեծացումը տարածաշրջանում։
Բայց չեմ կարծում, որ իրավիճակը բարենպաստ է Թուրքիայի համար։ Քանի որ ներկայում թուրք-ամերիկյան հարաբերություններն էլ են վատ ժամանակներ ապրում։
-Տարածաշրջանային այս զարգացումները Հայաստանի համար ի՞նչ վտանգ են պարունակում։ Եվ որքանով ենք մենք պատրաստ տարածաշրջանային զարգացումներին, հատկապես քաղաքական առումով։
-Ցանկացած տարածաշրջանային լարվածություն Հայաստանի համար վտանգ է պարունակում։ Այս խառը իրավիճակից կարող է օգտվել Ադրբեջանի Հանրապետությունը՝ տարբեր ոտնձգություններ փորձելով իրականացնել։ Իհարկե, ես վստահ եմ, որ կստանա համարժեք պատասխան։
Իսկ պատրաստ լինելուն այլընտրանք չունենք։ Մեր իշխանություններն էլ , ինչպես նախկինում, ներկայում էլ պետք է կարողանան համապատասխան հայտարարություններով , գործողություններով արձագանքել իրավիճակին։
-Իսկ Սոլեյմանիի սպանության պարագայում կարողացա՞նք համապատասխան կերպով արձագանքել։
-Կարծում եմ, որ այո։ Կարելի էր փոքր ինչ ավելի շուտ արձագանքել։ Բայց ի վերջո եղավ համապատասխան արձագանք և ցավակցություն։