Երևանի կառուցման անիմացիոն պատկերը` Երևանի պատմության թանգարանում
Երևանի պատմության թանգարանը 2019 թվականին ունեցել է 20 հազար 707 այցելու, որի կեսը եղել է զբոսաշրջիկ,- այս մասին երեկ լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի պատմության թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանը։
«Մեր թանգարան այցելած հիմնական զբոսաշրջիկները Ռուսաստանից են: Ունեցել ենք զբոսաշրջիկներ Չիլիից, Չինաստանից, Մալազիայից, Ինդոնեզիայից, ԱՄՆ-ից, արաբական երկրներից, աշխարհագրությունը բավական մեծ է»,-ասաց Արմինե Սարգսյանը: Բավական ակտիվ են եղել տոնական օրերի այցելությունները, մի քանի օրում 100 այցելու է եկել, զգալի մասը՝ կրկին զբոսաշրջիկ:
Այցելություններն ակտիվացնելու, դրանք ավելի հետաքրքիր դարձնելու ուղղությամբ թանգարանը զգալի աշխատանք է կատարում՝ հանդես գալով մի շարք ծրագրերով:
Թանգարանում իրականացվելիք ծրագրերից Արմինե Սարգսյանն առանձնացրեց «Կենդանի նկարը», որը նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ թանգարանային ցուցադրություն է՝ համահունչ ժամանակի ոգուն։
«Այն հատկապես հետաքրքիր է լինելու դպրոցական և ուսանողական այցելությունների համար, որովհետև այդ ծրագրով մենք փորձել ենք ոչ միայն հանրահռչակել թանգարանի կերպարվեստի հավաքածուում գտնվող Վահան Խորենյանի՝ «Երևանի շինարարների» կտավը, որում պատկերված է վարդագույն Երևանի կառուցումը։ Սա արդեն երկրորդ անգամն է, որ փորձում ենք նորագույն տեխնոլոգիաների միջոցով հետաքրքիր դարձնել թանգարանը»,- նշեց Սարգսյանը։
Ծրագրի շնորհանդեսը եղել է 2019 թվականի դեկտեմբեր ամսին, և այցելուների դատին արդեն իսկ ներկայացվել է Երևանի կառուցման անիմացիոն պատկերը։
Այս ծրագիրն առաջիններից մեկն է, որտեղ պրոյեկցիոն ցուցադրության միջոցով իրականացվել է բնօրինակի անիմացիոն վերարտադրումը՝ նկարում առկա միջավայրի և կերպարների կենդանացմամբ:
Անիմացիոն ցուցադրությունն ուղեկցվում է հայերեն, անգլերեն և ռուսերեն համապատասխան տեքստերի ընթերցմամբ և տվյալ ժամանակաշրջանին բնորոշ երաժշտության ուղեկցությամբ:
Թանգարանում ներկայացված ցուցանմուշների քանակը գերազանցում է 97.000-ը, մինչդեռ 2005 թվականին եղել է 87.000 ցուցանմուշ։
«Նախորդ տարի մենք ձեռք բերեցինք շատ հետաքրքիր նմուշներ, որոնցից մեկը Վարդիթեր Կարապետյանի «Հին Ձորագյուղ» կտավը, որը պատմում է Երևանի հին թաղերից մեկի մասին։ Դա շատ կոլորիտային ներկայացնում է հին Երևանը։ Բացի այդ, մոտ 200 հնագիտական փորձանմուշ ենք ձեռք բերել»,- նշեց Սարգսյանը։
Թանգարանն այժմ իրականացնում է 5 կրթական ծրագիր։ Այս տարի թանգարանը իրականացնելու է «Վերականգնենք հնագիտական առարկան» խորագրով ծրագիրը։
Արմինե Սարգսյանը նշում է, որ դա կօգնի մեծացնել երեխաների հետաքրքրությունը հնագույն մշակութային ժառանգության նկատմամբ. երեխաները իրենց ձեռքով կհավաքեն փազլ՝ վերականգնելով տվյալ հնագիտական առարկան։
Թանգարանի նախաձեռնություններից է նաև «Երևանը բանաստեղծություններում» գրքի հրատարակումը: Բանաստեղծությունների գրքում տեղ է գտել 300-ից ավելի ստեղծագործություն: Թանգարանի գիտքարտուղար Հերմինե Սարգսյան նշեց, որ մինչ այդ հրատարակել էին նաև «Երևանը երգերում» գիրքը:
«Գրքում տեղ են գտել 1388 թվականից պահպանված ստեղծագործություններ: Հին ժամանակներում, երբ ոչ բոլորն էին գրագետ և չէին կարող կարդալ, բանաստեղծությունները հաճախ երգերի էին վերածվում, որովհետև այդ տարբերակով մարդիկ ավելի երկար են հիշում: Մեզ են հասել Երևանի մասին բազմաթիվ երգեր»,-ասաց Հերմինե Սարգսյանը:
Անդրադառնալով առաջիկա անելիքներին՝ թանգարանի տնօրենը նշեց, որ ակտիվորեն շարունակելու են կրթական ծրագրերը, փետրվարին էլ սպասվում է գեղանկարների ցուցահանդեսի բացում: Ներկայացվելու են Տավուշի մարզի գեղանկարները:
Թանգարանում ակտիվ աշխատում են ցուցանմուշների համալրման ուղղությամբ, արդեն դրանց թիվը 97 հազարից անցնում է՝ փաստաթղթեր, լուսանկարներ, հնագիտական առարկաների հարուստ հավաքածու և այլն:
Նշենք, որ Երևան քաղաքի պատմության թանգարանը հիմնադրվել է 1931թ.: Լինելով Երևանի քաղխորհրդի կոմունալ բաժնին առընթեր՝ սկզբում կոչվել է Կոմունալ թանգարան, իսկ 1936թ. վերանվանվել է Երևան քաղաքի պատմության թանգարան: