Հայերեն   English   Русский  

Եթե կունենաք այդքան տղամարդկություն, միասին գնանք․ փլուզված տան բնակիչը քաղաքապետի խոսնակին հրավիրեց Արամի 23


  
դիտումներ: 1914

Արամի 23 հասցեում գտնվող պատմամշակութային հուշարձան հանդիսացող շենքի թեմայով քննարկում-ասուլիսն այսօր հետաքրքիր ընթացք ստացավ։

Քննարկմանը, որին մասնակցում էին «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի ղեկավար Տիգրան Հեքեքյանը, ԿԳՄՍ փոխնախարար Նարինե Խաչատուրյանը, Երևանի քաղաքապետի մամլո խոսնակ Հակոբ Կարապետյանը և ճարտարագետ Դավիթ Նահատակյանը, անսպասելիորեն հայտնվեց Արամի 23 հասցեում գտնվող շենքի փլուզված հատվածի բնակիչ Մադլենա Սարոյանը և հայտարարեց, որ շենքի փլուզման հետևանքով 2019 թ․ հունվարի 11-ից անտուն է և այժմ բնակվում է իր միջոցներով վարձակալած բնակարանում։

Տիկին Մադլենան հարց ուղղեց քաղաքապետի խոսնակին․ «Իմ տունը քանդվել է, ես չունեմ գույք, ոչ մի բան, ամեն ինչ մնացել է փլատակների տակ, իսկ քաղաքապետի օգնական Կարենը հայտարարում է, թե տան մի հատվածն է քանդվել։ Այսինքն ես պիտի ապրեմ փլված տան սենյակներից մեկի կեսո՞ւմ։ Քաղաքապետարանը որևէ բանով իր քաղաքացուն պիտի աջակցի՞, թե՞ միայն կարող եք գույքահարկ ու աղբահանության գումար վերցնել։ Մի անգամ քաղաքապետը կամ քաղաքապետարանի որևէ աշխատակից չհետաքրքրվեց մեր ճակատագրով»։

Մադլենա Սարոյանի խոսքով՝ «Էյ Էմ Սի» ընկերությունը, որի կառուցապատման հետևանքով վթարվել է և փլուզվել Արամի 23 հասցեում գտնվող պատմամշակութային շենքը, հրաժարվել է որևէ փոխհատուցում տրամադրել բնակչին։ Քրեական գործ է հարուցված, սակայն բնակիչը նշում է, որ իրեն անգամ քննչական մարմին չեն հրավիրել, ոչ էլ տուժող կողմ են ճանաչել։

«Հայտնի չէ, թե այդ քրեական գործը երբ կհասնի դատարան։ Դա կարող է լինել 5, 10, 15 տարի հետո։ Այսինքն, ես կմահանամ, թե ողջ կլինեմ կամ վարձս այդ ընթացքում ով կտա, Երևանի քաղաքապետարանին չի հետաքրքրում։ Նա այս հարցում որևէ կողմ չի, երրորդ դեմք է, դիտարկում է միայն»։

«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի ղեկավար Տիգրան Հեքեքյանը հաստատեց տիկին Մադլենայի մտահոգությունները՝ նշելով, որ այնտեղ հնարավոր չէ նույնիսկ ոտք դնել, էլ ուր մնաց՝ ապրել։

«Երբ ասում են՝ այնտեղ մի սենյակ կա, դա զավեշտ էլ չի, դա ուղղակի բարոյական չի։ Այնտեղ մտնելն արդեն անթույլատրելի է»,-ասաց Հեքեքյանը։

Մադլենա Սարոյանի խոսքով՝ շենքում առաջին ճաքերն ի հայտ գալուն պես ինքն ու Տիգրան Հեքեքյանը դիմել են դատախազություն։

«Քննչական կոմիտեն 4 անգամ փորձաքննություն է անցկացրել, բայց ոչ մի անգամ ինձ չեն կանչել, որպեսզի ասեն, թե փորձաքննության արդյունքներն ինչ եղան, հարցն ինչ փուլում է։ Նույնն էլ թաղապետարանը․ մի անգամ չհարցրեցին՝ Ձեզ ինչո՞վ կարող ենք օգնել։ Միայն ասացին, որ տարածքում 3 «շկաֆ» է մնացել, մեքենա և բանվորական ուժ կտրամադրենք, որ դա տեղափոխեք»։

Տիկին Մադլենան լրագրողներին հրավիրեց միասին այցելել Արամի 23 հասցե, տեսնել, թե ինչ է կատարվում այդ տարածքում և արդյո՞ք հնարավոր է այնտեղ ապրել։

«Ձեզ էլ եմ հրավիրում, պարոն Կարապետյան»,-դիմեց մամլո խոսնակին,-եթե կունենաք այդքան տղամարդկություն, միասին գնանք։ Մնացած հարցերը ես Ձեզ կտամ Արամի 23-ում»։

Հակոբ Կարապետյանը հրաժարվեց այցելել Արամի 23, բայց վերցրեց կնոջ հեռախոսահամարը՝ խոստանալով հետաքրքրվել իրավիճակով և կապ հաստատել նրա հետ։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: