ՀՔԾ-ում և ՔԿ-ում Գեորգի Կուտոյանը չի հարցաքննվել
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Երևանի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով:ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ դեպքի վայր են մեկնել ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ, ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը, ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետի տեղակալ Վ.Մեսրոպյանը: Դեպքի վայրում աշխատում են ՀՀ ՔԿ Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները՝ քննչական բաժնի պետ Հայկ Գևորգյանի գլխավորությամբ:
Մամուլում շրջանառվում է ինքնասպանության վարկածը։ Մասնավորապես, «Հրապարակ» կայքի տեղեկություններով՝ ոստիկանները երբ մտել են նրա բնակարան, դիակի զննության ժամանակ դիակի կողքը հայտնաբերել են կոնյակի շիշ, որը դատարկ է եղել, նաև ատրճանակ, որը Կուտոյանի անձնական զենքն է եղել: Կրակոցն արձակվել է հենց այդ զենքից և բերանից։ Կայքի տեղեկություններով` դեռևս հայտնի չէ, թե ում տանն են հայտնաբերել ԱԱԾ նախկին տնօրենի դին, քանի որ ըստ հայտարարագրի Կուտոյանը ընդամենը մի բնակարան է ունեցել, և այդ բնակարանը գտնվում է Շենգավիթ վարչական շրջանում Ս․ Զորավարի փողոց 44-1 հասցեում։
Գեորգի Կուտոյանը ծնվել է 1981թ. սեպտեմբերի 30-ին, Երևանում: 2011թ. ՀՀ նախագահի կարգադրությամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության նախագահի օգնական: 2011-2014թթ. զբաղեցրել է Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդին առընթեր հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի հանձնաժողովի նախագահի պաշտոնը: 2016-2018թթ. եղել է ՀՀ կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության տնօրենը: