Հայերեն   English   Русский  

Թրամփը հայտարարել է, որ Իրանի հոգևոր առաջնորդը պետք է ավելի զգույշ լինի իր խոսքով


  
դիտումներ: 1006

Իրանի ղեկավար և հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին պետք է «շատ զգույշ լինի իր խոսքով»: Այսպիսի նախազգուշացումով է հանդես եկել երեկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Իրանի այսպես կոչված գերագույն առաջնորդը, որը վերջին ժամանակներս այդպիսի գերագույն չէր, ասել է որոշ անախորժ բաներ ԱՄՆ-ի և Եվրոպայի մասին: Նրանց տնտեսությունը ճգնաժամ է ապրում, իսկ ժողովուրդը տառապում է: Նա պետք է շատ զգույշ լինի իր խոսքով»,- գրել է պետության ղեկավարը իր թվիթերյան էջում:

ԱՄՆ նախագահը նաև կոչ է արել Իրանի իշխանություններին փոխել իրենց քաղաքականությունը և հանրապետությունը «վերստին մեծ» դարձնել:

«Առաքինի իրանցիները՝ Ամերիկան սիրող, արժանի են կառավարության, որը շատ ավելի է շահագրգռված օգնելու իրենց երազանքին հասնելու գործում, ոչ թե սպանելու [իրենց իրավունքները] հարգելու պահանջի համար: Փոխանակ Իրանը կործանման տանելու՝ նրա առաջնորդները պետք է հրաժարվեն ահաբեկչությունից և Իրանը նորից մեծ դարձնել»,- գրել է նախագահը թվիթերում՝ գործածելով իր նախընտրական քարոզարշավի կարգախոսը:

Նա այդ կոչը զետեղել է ի պատասխան այաթոլլա Ալի Խամենեիի թվիթերյան հաղորդագրության, որում նա գրել է, թե Միացյալ Նահանգները չի աջակցում Իրանի ժողովրդին, այլ իրականում «թունավոր դաշույն է խրում» նրա թիկունքին:

Թրամփը նաև զետեղել է իր հաղորդագրության պարսկերեն թարգմանությունը:

Երեկ Խամենեին հանդես է եկել «եվրաեռյակի» (Գերմանիա, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա)՝ միջուկային գործարքի շրջանակներում վեճերի կարգավորման մեխանիզմ գործի դնելու մասին որոշման քննադատությամբ:

«Եվրոպային չի կարելի վստահել:Իրականում այդ երկրները սոսկ կրկնում են ԱՄՆ-ի խոսքերը»,- ասել է նա: Նրա խոսքով՝ «եվրոպական երկրներն ուզում են Իրանը ծնկի բերել»:

«Ամերիկային չհաջողվեց դա անել: Դուք փոքր եք մեր ազգը ծնկի բերելու համար»,- դիմել է հոգևոր առաջնորդը եվրոպական երկրներին:

Նրա վարկածով՝ Իրանը, գրոհելով Իրաքում ամերիկյան բազաների վրա, հարված հասցրեց ԱՄՆ-ի արժանապատվությանն ու ամբարտավանությանը: Խամենեին նաև Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի «Ալ Ղուդս» հատուկ նշանակության ուժերի հրամանատար գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանությունը բնորոշել է որպես Միացյալ Նահանգների խայտառակություն:

Երեքշաբթի՝ հունվարի 14-ին, Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի արտգործնախարարները հայտարարեցին Վեճերի կարգավորման մեխանիզմի գործարկման մասին իրանի միջուկային ծրագրի հրացով Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի իրականացման շրջանակներում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: