Հայերեն   English   Русский  

Առաջին քրիստոնյա ազգն ենք, բայց քրիստոնեական պատվիրաններից տեղյակ չենք


  
դիտումներ: 1402

Աշխարհի առաջին քրիստոնյա ազգը մոռացել է աստվածաշնչյան պատվիրանները: Վերջին շրջանի իրադարձությունները հերթական անգամ փաստում են, որ գուցե անգամ տեղյակ էլ չենք այդ պատվիրաններից, մոռեցալ ենք, որ կյանքը բումերանգ է, ինչ տաս, այն էլ կստանաս:

Եվ ի ՞նչ է տալիս մեր հանրությունը: Ատելություն և մաղձ, ուրիշ ոչինչ: Եվ բնավ պետք չէ զարմանալ, որ լավին ենք ձգտում, բայց ամեն մի դրական փոփոխություն ի վերջո ավելի վատ դրսևորում է ունենում, քան ունեինք, և այդպես էլ չենք կարողանում դուրս պրծնել այս արատավոր շրջապտույտից, որում արդեն 30 տարի պտտվում ենք:

Չգիտես թե ինչպես, մարդկային կյանքը դադարել է գերագույն արժեք լինելուց մեր հասարակության համար: Օրինակ, ԱՄՆ-ում մարդը գերագույն արժեք է, տասնամյակներ շարունակ ամերիկյան քարոզչամեքենան, ֆիլմերը բոլորի գիտակցության մեջ սերմանում են մի բան. ԱՄՆ քաղաքացու կյանքը գերագույն արժեք է, և անգամ մեկ կյանքի համար այդ երկիրը պատրաստ է պատերազմներ մղել: Պատահական չէ, որ երբ Իրանը ռմբակոծեց ԱՄՆ-ի ռազմաբազաները Իրաքում, փորձագետներն անմիջապես հայտարարեցին. Եթե անգամ մեկ մարդկային զոհ լինի, հաջորդելու է պատասխան հարվածը ԱՄՆ-ի կողմից: Եվ Թրամփն էլ, հիմնավորելով Իրանի հրթիռային հարվածներին չպատասխանելը, նշեց` մարդկային որևէ կյանք չի տուժել:

Սրան հակառակ ի ՞նչ պատկեր է մեզ մոտ: Մի բուռ ազգ լինելով իրար բաժանել ենք սևերի ու սպիտակների, լավերի ու վատերի, բարոյականների ու անբարոյականների, ապրելու իրավունք ունեցողների և չունեցողների: Մոռացել ենք, որ կյանք տվողն Աստված է, հետևաբար մենք չենք որոշում` ով իրավունք ունի ապրելու, ով է մահվան արժանի:

Ընդամենն օրեր առաջ Երևանում տեղի ունեցավ սարսափելի մի սպանություն. Երիտասարդը 16-ամյա աղջկա էր խեղդամահ արել նրա ծննդյան օրը: Եվ ի ՞նչ: Իր մինուճար զավակին կորցրած մորը կարեկցելու փոխարեն հանրությունը սկսեց դատափետել մահացած աղջկան և նրա մորը: Դատելով հնչած քննադատություններից` ստացվում էր, որ այդ աղջիկն արժանի էր կյանքից զրկվելու, քանի որ առանց համայն հայության թույլտվության համարձակվել էր վարձով բնակարանում ապրել Երևանում, գտնվել էր նույն սենյակում մարդասպանի հետ: «Ամեն մեկը դիմացինին դատում է իր փչացածության սահմաններում» աքսիոմի համաձայն` ամեն մեկն իր մեղքերի ու երևակայության խառնուրդը վերագրեց դեռատի սպանվածին: Եվ նրա մայրը, փոխանակ սգալու իր դստեր կորուստը և իրեն շրջապատողների մեջ հենարան գտնելու` ստիպված էր հայտարարել, որ իր դուստրը վատ վարք չի ունեցել, որ կույս է մահացել: Կարծես թե դեռատի աղջկա վարքը կամ ֆիզիոլոգիական վիճակը կապ ուներ նրա կյանքի իրավունքի հետ: Կյանքի իրավունքը գերագույն արժեք է:

Իսկ այն մարդիկ, հատկապես կանայք, որ ֆեյսբուքում գրում էին` ուրեմն արժանի է եղել սպանվելու կամ ավելի վատ բաներ, որ տողերիս հեղինակն իրեն թույլ չի տալիս վերարտադրել, մոռանում են Քրիստոսի խոսքերը` «Թող առաջինը քար նետի նա, ով մեղք չի գործել»: Ստացվում է, որ կամ սրբերի հանրությունում ենք ապրում` տեղյակ չլինելով այդ մասին, կամ էլ վաղը մահացած աղջկան քննադատող ամեն ոք, երբ դժբախտությունն իր դուռը թակի, կապ չունի թե ինչ դրսևորմամբ, ինքն է արժանիորեն դառնալու սուր քննադատության ու պախարակման թիրախ, մինչդեռ այդ պահին ամենաշատն աջակցության ու ըմբռնված լինելու կարիքն է զգալու:

Պատահական չէ, որ աստվածաշնչյան պատվիրանը հուշում է` դիմացինիդ հետ վարվիր այնպես, ինչպես կուզենաս, որ քեզ հետ վարվեն: Դատելով սոցիալական ցանցերում մարդկանց պահվածից` բոլորիս ցանկությունն է դաժան բռնությունների ու ատելության զոհ դառնալը: Այլ տրամաբանություն չունի այն, ինչ օրինակ` երեկ տեղի ունեցավ համացանցում, երբ հայտնի դարձավ, որ գտել են ԱԱԾ նախկին տնօրենի դին: Մարդն ընդամենը 38 տարեկան էր: Ընդ որում, դատելով կենասգրությունից ու անցած ուղուց, խելոք մարդ էր, որ իր ներդրումն է ունեցել մեր պետության մեջ և դեռ կարող էր ունենալ: Հայ մարդու կորուստը սգալու փոխարեն, սակայն, մի ցնծություն է, որ տիրում էր օնլայն տիրույթում: Այն, ինչ մարդիկ մաղթում էին արդեն մահացած Կուտոյանին, նրա ընտանիքին, նրա նախկին թիմակիցներին` այն է իշխանության նախկին ներկայացուցիչներին, ինքս որևէ մեկին չեմ ցանկանա, անգամ ոչ թուրքին, ոչ էլ ադբրեջանցուն, որոնց համարում եմ մեր մահացու թշնամիները: Բայց արի ու տես, որ հայը հային մահ է մաղթում, և ոչ թե կոնկրետ մեկ մարդու, այլ ողջ գերդաստանների:

Եվ հետո զարմանում ենք, որ ժամանակին մեկ ուրիշն էլ մեր մահն է ցանկացել ու փորձել է մեզ գերդաստաններով բնաջնջել:

Հանրային դիվանագիտությունն օր օրի թափ է հավաքում: Պետական մակարդակով փորձ է արվում մարդկանց գիտակցության մեջ սերմանել, որ շարքային ադրբեջանցին թշնամի չէ, որ պետք է փորձել ներողամիտ լինել, շփման ու համագործակցության եզրեր գտնել թուրքերի ու ադրբեջանցիների հետ: Այդ ինչպե ՞ս է ստացվում, որ պատրաստ ենք ներել մեր նախնիներին, մեր հայրենակիցներին, մեր երեխաներին սպանողներին, բայց ներում-բեկում չունենք այն մարդկանց հանդեպ, որոնք ինչ-որ պահի նախկինում որևէ պաշտոն են զբաղեցրել:

Քանի ՞ մարդու է անձամբ վնաս տվել կամ վատություն արել Գեորգի Կուտոյանը: Կարծում եմ` երեկ օնլայն տիրույթում նրան հայհոյողներից, նրա մահվամբ ցնծացողներից ու տարոսը մյուս նախկին պաշտոնյաներին հղողներից և ոչ մեկին:

Ինքնակործանումն հենց այսպես էլ լինում է` երբ ուղեղն այնքան է մթանգնում, որ շունն իրեն թշնամի է համարում իր պոչը` փորձելով այն ոչնչացնել` մոռանալով, որ շրջապատված է հարձակվելու պատրաստ գայլերով:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: