Հայերեն   English   Русский  

ՊԵԿ աշխատակիցները ծանոթացել են հարկային ոլորտում ռիսկերի բացահայտման եվրոպական փորձին


  
դիտումներ: 337

Պետական եկամուտների կոմիտեն Եվրոպական միության հետ համատեղ հունվարի 20-22-ը ՊԵԿ աշխատակիցների համար նախաձեռնել է աշխատաժողով:

«Եվրոպական միության լավագույն փորձը հարկային օրենսդրության պահպանման ռիսկերի բացահայտման, որոշման, գնահատման ընթացակարգերի և մեթոդների» թեմայով աշխատաժողովն իրականացվում է ԵՄ տեխնիկական օժանդակության և տեղեկատվության փոխանակման գործիքի (TAIEX) շրջանակում և նախատեսված է ՊԵԿ ավելի քան 30 աշխատակիցների վերապատրաստման համար: Մասնակցում են նաև ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացուցիչներ:

Երեք օրերի ընթացքում ԵՄ փորձագետները ներկայացնելու են ռիսկերի բացահայտման, հարկային օրինապահությանն ուղղված ռիսկերի կառավարման ընթացակարգերի և միջազգային համագործակցության միջոցով հարկային օրինապահության մակարդակի բարելավմանն առնչվող լավագույն փորձը:

ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը նշել է, որ հարկերի պարտաճանաչ վճարման մակարդակի բարձրացումը կոմիտեի օրակարգի առաջնահերթություններից է. «Դա հարկային պոտենցիալը բացահայտելու և ներքին ռեսուրսներն ու չբացահայտված ներուժը մոբիլիզացնելու լավագույն միջոցն է, որը կարող է նպաստել երկրում արդար, հավասարակշռված հարկային համակարգի ձևավորմանը: Հետևաբար, ռիսկերի կառավարման արդյունավետ համակարգի ներդրումը հիմնարար դեր է խաղում հարկային ծառայության առաքելության իրականացման գործում»: Միքայել Փաշայանը վստահեցրել է, որ ՊԵԿ-ը շարունակելու է էլեկտրոնային ծառայությունների ներդրումը համակարգում և կարևորել է վերլուծական ներուժի ու գործիքների ընդլայման` վերջին տարիների տեմպերը:

Աշխատաժողովի մասնակիցները նաև գործնական օրինակներով ծանոթանալու են ռիսկերի արդյունավետ կառավարման վերլուծական գործիքներին, քրեական ոլորտում ռիսկերի կառավարմանը և ստուգման ավարտից հետո վերլուծությունների իրականացմանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: