Հայերեն   English   Русский  

Նիկոլ Փաշինյանը մեծ ցանկության դեպքում էլ չի կարող ամբողջովին փակել խոսքի ազատությունը. Էդուարդ Շարմազանով


  
դիտումներ: 600

Այսօր՝ հունվարի 20-ին, Երևանի վերաքաննիչ դատարանի առաջ բողոքի ակցիա են կազմակերպել «5-րդ ալիք» Հ/Ը սեփականատեր Արմեն Թավադյանի աջակիցները և պահանջում են դատարանից ազատ արձակել Թավադյանին:

Ակցիայի մասնակիցներին միացած ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում ասաց, որ այս պայքարը երկար էր, և եթե կառավարական շենքում նստած պարոնի նպատակն է՝ ջլատել կամ հոգնեցնել, ապա իրենք չեն հոգնում, իրենց էներգիան և կամքն անսահման է։

«Եկել եմ աջակցելու խոսքի ազատությանը, խղճի ազատությանը, ժողովրդավարությանը եւ ընդդեմ բռնատիրության, դիկտատուրային եւ բոլոր փորձերին, որպեսզի լռեցնեն խոսքի ազատությունը։ Ակնկալում եմ, որ մի օր եւ շատ շուտով կլինեն դատավորներ, եւ դատական համակարգն ավելի կայուն կկանգնի իր ոտքերի վրա եւ կգիտակցի, որ սահմանադրականությունը, դատական համակարգի անկախությունը առաջնային հարցեր են մեր պետության համար։ Պետք է ծառայել ոչ թե այս կամ այն անձին, այլ պետք է ծառայել Հայաստանի Հանրապետությանն ու Սահմանադրությանը»,- ասաց Շարմազանովը։

Էդուարդ Շարմազանովը շեշտեց, որ Արմեն Թավադյանի դեմ ուղղված գործն ուղիղ ճնշում է խոսքի ազատության նկատմամբ։

«Այն ինչ կատարվում է մեր երկրում այս 2 տարվա ընթացքում ոչ միայն մտահոգիչ է, այլ ուղիղ ճանապարհ է դեպի հին ժամանակներ, դեպի բռնատիրական ժամանակներ։ Շատերն ասում էին՝ նախկիններ, ներկաներ։ Այո, նախկինի վերադարձ չի լինելու, նախկինը 1937 թիվն է, դա բռնատիրությունն է, միակուսակցական համակարգն է, որը եղել է շատ տասնամյակներ առաջ։ Պետք է ամեն ինչ անենք, որ Հայաստանում չլինի մեկ մարդու իշխանությունը։ 2017 թվականի իշխանազավթումից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության, նա ուղիղ ռեպրեսիաներ սկսեց բոլոր իր ընդդիմախոսների դեմ։ Հիշո՞ւմ եք ԱԱԾ-ով վախեցնելը, ասֆալտին փռելը։ Նիկոլ Փաշինյանը մեծ ցանկության դեպքում էլ չի կարող ամբողջովին փակել խոսքի ազատությունը»,- ասաց Էդուարդ Շարմազանովը։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: